Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԼՂ-Ն ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ ուզում` հիշողությունը կորցնում է, երբ ուզում` խախտում է բոլոր նորմերը, պատերազմը խաղաղություն, իսկ պարտությունն էլ հաղթանակ է համարում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքների մասին երեկվա հայտարարությանը։

 


Երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս։

«Մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերն էլ` Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը։ Իսկ 2018-ից հետո 5 կողմերից 4-ն են հայտարարում նույնը` միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ–ն հանձնելու մասին է։ Ամոթ է, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները պետք է հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքա՞ն են կորցրել` 100 անգամ ավելի, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ, էլ ավելի շատ կորուստ, զոհեր ենք ունեցել, քան Ապրիլյանի ժամանակ։ Սարգսյանը նշեց` այդպե՞ս են խաղաղության գնում։

Միաժամանակ, Սարգսյանը նշեց, որ խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, որ գոնե այսքան ձախողումներից հետո չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել ՀՀ։ Նրա խոսքով՝ եթե նման պայմաններում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա նշանակում է, որ այդտեղ ևս անտեսվելու է հայկական շահը։

Եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է

Սերժ Սարգսյանը մեկնաբանեց, թե ինչպես են գործող իշխանությունները փչացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

«Ինչպե՞ս։Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով` նաև ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանում, իր «կառուցողական գործընկերոջ» հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի հետ կապված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հավելելեց, որ մի քանի տասնյակ նման օրինակներ կարող է բերել, սակայն անիմաստ է համարում։

Լրագրողներից մեկն ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, թե «հենց իրենց իշխանության (Սերժ Սարգսյանի) օրոք է առաջին անգամ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել», և որ ինքն այդ մասին տեղեկացել է «Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից»։

«Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը»,–ասաց Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ Փաշինյանը կարող է գաղտնազերծել և հրապարակել իր այդ նշած նամակը։

«Ես պնդում եմ` թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»,- ասաց Սարգսյանը։

Բա էդ ո՞ւմ բերած զենքերն են հանձնել Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինվորականներին է մեղադրում պարտության մեջ, բայց ինքն է գլխատել բանակը,- ասաց ՀՀ երրորդ նախագահը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Փաշինյանը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե բարձրաստիճան որոշ զինվորականներ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամայել են զորքին թողնել դիրքերը, ինչպես նաև հայտարարել էր, թե Սարգսյանի ղեկավարման ժամանակ Ռուսաստանը խստորեն սահմանափակվել է զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը։

«Եթե բոլորը մեղավոր են` զինվորականները, հրամանատարները, ՀՀ տղամարդիկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ էր զբաղվում 44-օրյա պատերազմի ժամանակ, իր փեշակն ի՞նչ էր»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` երբ Տավուշում 2020-ի հուլիսին միջադեպ էր եղել, Փաշինյանը դա համարում էր մարտական մարտեր և կուրծք ծեծում, որ գերագույն գլխավոր հրամանատար էր` հանկարծ չշփոթեք։

«Չենք շփոթում. գլխավոր հրամանատարը նրա համար է, որպեսզի հարցազրույցնե՞ր տա։ Փաշինյանն ասել էր նաև, թե միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին։ Բա էդ ո՞ւմ բերածներն են` նրա՞նք են 2 տարվա ընթացքում միլիարդների զենք բերել։ Փաշինյանը դրանով ասաց` մինչև 2018-ը հայկական բանակն իր սպառազինությունների հիմնական մասը ցույց էր տալիս հանրությանը, իսկ նա այդ ամենը հանձնեց Ադրբեջանին։ Ադրբեջանի ղեկավարն էլ ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից։ Ասում է` «վայ հրամանատարներ», բա ո՞ւր էիր, մինչ այդ փոխեիր հրամանատարներին»,–ասաց Սարգսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Փաշինյանի ղեկավարած տարիները` Սարգսյանը պատասխանեց. «Աղետաբեր։ Նա թող գնա իր գործով զբաղվի` ընդդիմադիր թերթ վերցնի և սրա-նրա մասին բանսարկություններ գրի, ուրիշ բանի պիտանի չէ»։

Sputnik Արմենիա-ի նյութերով