«Ժողովուրդ»․ ՈՐՈՇՎԵԼ Է, ՈՐ ՀԱՋՈՐԴԸ ԼԻՆԻ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Այս պահին հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա` կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան և գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն և այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել Ազգային ժողով»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, և նոր հրավիրվողներ էլ են լինելու: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, և պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք և ներկայացնել եզրակացություն:

«Այն պետք է լինի Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից ազատելու մասին փաստաթուղթ: Ասել է թե՝ Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի և պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից»,– նշում է հոդվածագիրը:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Sputnik Արմենիա