«ԱՅԴ ԾԱՌԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ». ԿԱՍԿԱԴԻՑ ՀԵՏՈ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԾԱՌԵՐԸ
Երեկ վաղ առավոտից քաղաքապետարանը փակել է Սայաթ –Նովա պողոտան և հատել է արտաքինից առողջ թվացող շուրջ 60 հաստաբուն ծառ։Կասկադի հարակից տարածքի ծառահատումներից հետո հերթը հասել է Սայաթ-Նովա պողոտայի հատվածի ծառերին։
Մարտի 23-ին Երևանի կենտրոնում, մասնավորապես Կասկադում, բազմաթիվ ծառեր էին հատվում, որոնք, ըստ քաղաքապետարանի այլևս կենսունակություն չունեցող և դեֆորմացված ծառեր էին։ Թեպետ փորձագետները դրա վերաբերյալ այլ տեսակետ ունեին։
Սայաթ–Նովա պողոտայի ծառերի հատումը ևս քաղաքապետարանից նույն կերպ են պատճառաբանում` նշելով, որ ծառերն ապրել են իրենց կյանքը։
«Այս պահին Սայաթ–Նովա պողոտայում իրականացվում է կենսունակությունը կորցրած Թեղի տեսակի ծառատեսակների փոխարինումը ավելի ֆունկցիոնալ սոսի տեսակի ծառատեսակներով, որոնց կյանքը բավականին երկար մի քանի հարյուր տարի է ի տարբերություն թեղիի, որի կյանքը 60-80 տարի է։ Թեղի տեսակի ծառերը սաղարթ անգամ չունեն և սաղարթ չեն ձևավորում»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ այս ծառերը հատելը և նորերը տնկելը բնակիչների առողջության համար է արվում, քանի որ այդ ծառերից «շիրա է թափվում և ստվեր չի ստեղծվում»։
Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ,կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արծվի Գրիգորյանը հաստատում է, որ հատված ծառերի մեջ եղել են առողջ ծառեր, որոնք թվաքանակով քիչ են եղել, սակայն էսթետիկ առումով նպատակահարմար չեն գտել դրանք պահպանել։
«Եթե անգամ մեկ–երկու ծառ լինեին դրանց մեջ, որոնք առողջ լինեին, դա թողնելը սխալ կլիներ։ Պատկերացնում եք` այս ամբողջ փողոցում տնկվեր գնդաձև սոսիներ, երկու հատ ուրիշ սաղարթով ծառ լիներ։ Պետք է միատարրությունը ապահովվի, դա կանաչապատման կանոններից մեկն է»,–ասաց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ հատված շուրջ 60 ծառի փոխարեն տնկվել է 50-55 սոսի։
Ինչ վերաբերում է ծառահատումների վերաբերյալ փորձագիտական դաշտից հնչող քննադատություններին` քաղաքապետարանի ներկայացուցիչները ընդգծում են, որ որևէ լուրջ բուսաբանի կարծիք չեն լսել, որը քննադատել է գործողությունները։
Իսկ սոսի ծառատեսակի ընտրության վրա կանգնել են, քանի որ Մաշտոցի և Սայաթ– Նովա պողոտաները սոսի տեսակի ծառատեսակով են հարուստ։
Նշենք, որ Երևանի մի շարք փողոցներում ծառերի վրա փակցված են «Ծառը ենթակա է հատման և փոխարինման» գրությամբ ծանուցման թերթիկներ։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը ավելի վաղ հայտարարել էր, որ կատարվելու են կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինում առավել արժեքավոր, ֆունկցիոնալ, գեղատեսիլ ծառերով։ Մեկնարկային աշխատանքների սկսելուց հետո հանրային լայն դժգոհություն էր առաջացել քաղաքացիների և մի շարք փորձագետների մոտ։ Մասնավորապես նրանց մոտ կասկածելի է թվացել փոխարինվող ծառատեսակների արդյունավետությունն և հատվող ծառերի ոչ կենսունակ լինելը։
Հաջորդ ծառահատումը նախատեսվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում։