Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ
«Իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն այսպես կոչված խաղաղության ծրագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, թե ինչ է նշանակում խաղաղության պայմանագիրը»,-Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
Նա հիշեցրեց, Ադրբեջանը ցանկանում է իր երկրի տարածքային ամբողջականության ճանաչում, ԼՂ հարցի գոյություն չունենա, քանի որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, սահմանազատումը պիտի կատարվի այդ երկրի պայմաններով։
«Դրանց որևէ բովանդակային արձագանք չի եղել, հիմա շարունակվում է այդ քաղաքականությունը։ Սա շարունակվում է անվտանգության ողջ համակարգի ջախջախված լինելու պայմաններով։ Այն, ինչ կատարվում է, կործանարար է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար։ Հիմա շտապում են, ահավոր շտապում են այդ խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Բոլորն էլ գիտեն, որ այդ պայմանագրով ոչ մի խաղաղություն չի լինելու բացարձակապես»,-ասաց նա։
Շահնազարյանի խոսքով, այս ամենի նպատակը ոչ թե Արցախն է, այլ Հայաստանով թուրանական միջանցքների անցկացումը։
«Հայաստանի վրա հիմա մեծ ճնշում կա այդ միջանցքների համար։ 44-օրա պատերազմից հետո ինչ կատարվում է, այդ նպատակն է հետապնդում։ Այդ նպատակն առաջին հերթին իրականացնողը Ռուսաստանն է, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է թուրանական միջանցք։ Ըստ Հայաստանի վարչապետի, երեք ավտոմոբիլային ու մեկ երկաթուղային ճանապարհ։ Ընդ որում, խոսքը հենց միջանցքի մասին է, Փաշինյանն ընդունել է, որ սա միջանցք է»,-ասաց Շահնազարյանը։