Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԾ «ՄԵՐ ԴՐՈՇԸ ԾԱԾԱՆՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՆՈՒՄ» ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։ Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ծանրամարտի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը:
«Մենք ենք ու... «հա՜, Ավստրիան»
Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգամանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։
Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ մենք ու թշնամին։
Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։ Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։
Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։ Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։
Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա».- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել և այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում։