ՎԱՐԺՎԵԼ ԲԱՐՁՐ ԳՆԵՐԻՆ

ԵԱԶԲ-ի մակրոտնտեսական զեկույցը. «դեպի Հայաստան միգրացիոն ներհոսքի ազդեցության աստիճանական սպառում»

Ապրիլի 10-ին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները ներկայացրել են բանկի մասնակից 6 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ մակրոտնտեսական զեկույցի հերթական թողարկումը, որում գնահատական է տրված համաշխարհային տնտեսության ներկա վիճակին և դրա ազդեցությանը ԵԱՏՄ+ երկրների վրա…

Նյութում նշվում է, որ համաշխարհային գնաճի բարձր մակարդակը կարող է ազդեցություն ունենալ ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանի տնտեսությունների զարգացման վրա: Հաշվի առնելով տարածաշրջանի երկրների գերակշիռ մասում ներմուծվող գնաճի մեծ մասնաբաժինը, դա կդժվարացնի սպառողական գների աճի զսպման քաղաքականության իրականացումը: Իսկ ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն վարժվել գնաճի ավելի բարձր մակարդակների (3-5%) և, որպես հետևանք, ավելի բարձր տոկոսադրույքների պայմաններում ապրելուն: Միաժամանակ ԵԱԶԲ վերլուծաբանները համարում են, որ գլոբալ ռեցեսիայի ռիսկերը պահպանվում են, ինչը կարող է ազդել ԵԱՏՄ+երկրների տնտեսական աճի հեռանկարների վրա:

Макрообзор ЕАБР

ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խոսքերով՝ «Հայաստանի և Ղրղզստանի պարագայում պետք է հաշվի առնել միգրացիոն ներհոսքի ազդեցության աստիճանական սպառումը, ինչը կարող է հատկապես նկատելի դառնալ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում»:

Այս պայմաններում հասկանալի է դառնում Հայաստանի ֆինանսական մեգակարգավորողի զգուշավորությունը, որը, չնայած մարտին գնաճի թուլացմանը և Փաշինյանի աշխատակազմի առանձնակի անհամբեր անդամների ջերմեռանդ կոչերին, չի շտապում մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը և, մասնավորապես, իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Հենց գնաճի խնդրի լուծումն է մնացել երկրների մեծ մասի դրամավարկային կարգավորիչների ուշադրության սևեռակետում. 10 կենտրոնական բանկեր մարտին բարձրացրել են հիմնական տոկոսադրույքները: 2022 թվականի սկզբից ԴՊՀ-ն արդեն 9 անգամ բարձրացրել է տոկոսադրույքը։ Կարգավորիչների մեծամասնությունը շարունակում է հավատարիմ մնալ խրոխտ հռետորաբանությանը:

Ընդ որում գնաճի դեմ պայքարի արդյունքը դարձավ փոխառությունների արժեքի զգալի աճը բոլոր ոլորտների՝ տնային տնտեսությունների, ձեռնարկությունների, բանկերի և կառավարությունների համար: Առաջին հետևանքներն ի հայտ եկան ֆինանսական մասնահատվածում. Silicon Valley Bank-ի, Silvergate-ի և Signature Bank-ի սնանկացումը ԱՄՆ-ում և բանկային ոլորտի խնդիրները Եվրոպայում, ներառյալ Credit Swiss-ը: Բայց տոկոսադրույքների բացասական ազդեցությունը միայն ֆինանսական հատվածով չի ավարտվի. ձեռնարկությունների համար վարկավորման մատչելիության սահմանափակումը նկատելի է դառնում, բիզնեսը սկսել է ակտիվորեն փնտրել ծախսերը կրճատելու ուղիներ: Առաջին հերթին, կրճատման տակ են ընկել ՏՏ-ի ծախսերը, որոնք բիզնեսը սկսում է դիտարկել որպես ոչ պրոֆիլային։ Արդյունքում, COVID-19-ի առաջացրած բումից հետո ՏՏ ոլորտի ընկերությունները բախվում են իրենց ծանրաբեռնվածության մակարդակը նվազեցնելու անհրաժեշտությանը և ստիպված են կրճատել անձնակազմը։ Այս տարվա առաջին երկու ամիսներին միայն ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել է ոլորտի ավելի քան 118 հազար աշխատող։ Ընդ որում, ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները շարունակում են հայտարարել սպասվող կրճատումների մասին։

Այս պայմաններում Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, և հիմնական շարժիչ ուժ է մնում ծառայությունների ոլորտը, որի դինամիկայի 70%-ն ապահովված է տեղեկատվական-հաղորդակցական ոլորտի և ֆինանսական գործունեության ընդլայնմամբ: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, «ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում շարունակվել է տնտեսական ակտիվության աստիճանական դանդաղման միտումը, ինչը վկայում է պահանջարկի աստիճանական կայունացման մասին»: Մշակող արդյունաբերությունները հունվար-փետրվար ամիսներին աճել են 6,6%-ով (նախորդ տարվա համեմատ), դրա հետ մեկտեղ հանքարդյունաբերության ոլորտում պահպանվել է անկումը (մինուս 9,6%) ՝ կապված Թեղուտի պղնձի հանքավայրում աշխատանքների դադարեցման հետ:

Ներկրման համեմատ ապրանքների արտահանման աճի առաջանցիկ տեմպերի պահպանումը նպաստում է նաև հայկական արժույթի փոխարժեքի կայուն ամրապնդմանը։ Փետրվարի արդյունքներով դրամը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամրապնդվել է առևտրային գործընկեր երկրների արժույթների զամբյուղում: Դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 21,8%-ով, եվրոյի նկատմամբ՝ 24%-ով, փետրվարի համեմատ մարտին դրամն արժևորվել է դոլարի նկատմամբ ևս 1,3%-ով, Եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ, համապատասխանաբար՝ 1,3%-ով և 5%-ով: Ընդ որում, Հայաստանի ազգային արժույթը շարունակել է աստիճանաբար թանկանալ 2023 թվականի մեկնարկից սկսած ողջ ժամանակահատվածում։ Դրամի փոխարժեքի ամրապնդմանը, ԵԱԶԲ-ի վերլուծաբանների կարծիքով, կնպաստեն դրամական փոխանցումների պահպանումը բարձր մակարդակի վրա և ներկրման համեմատ արտահանման աճի առաջանցիկ տեմպերը:

Փետրվարի վերջին Հայաստանի միջազգային արժութային պահուստների մակարդակը կազմել է 3,5 մլրդ դոլար, իսկ պետական պարտքը՝ 10,6 մլրդ դոլար։