ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։

Մասնավորապես, նշվում է, որ որոշում է կայացվել Ադրբեջանի քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի և Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պետական սահմանն ապօրինի հատելու) և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրազենի մաքսանենգությունը): Երկու ադրբեջանցիներին էլ մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածներով։

Ախունդովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել նաև քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով` հրազենի ապօրինի շրջանառության համար։

Դատախազությունը հայտնում է, որ նշված հարցի կապակցությամբ պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Sputnik Արմենիա