Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,– նշեց Աբրահամյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն տվեց Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։

Հայտնել էինք, որ մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։