ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՏՆԵՐԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Արաբական թերակղզու տաք ավազների վրա վեր խոյացած Դուբայը, որը վերջին մի քանի տասնամյակում դարձել է աղմկոտ մեգապոլիս, դեպի իրեն է ձգում ոչ միայն սովորական տուրիստներին աշխարհի տարբեր անկյուններից, այլև հարուստներին, որոնք այստեղ գալիս են, մասնավորապես, մեծ ներդրումներ կատարելու: Անշարժ գույքի շուկան այդպիսի ներդրումների հրաշալի տեղ է: Փողերի հսկայական հոսքին նպաստում են Դուբայի և համանուն էմիրության ոչ թափանցիկ իրավասություն (jurisdiction) լինելը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումներն ու ներդրումների ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը:
Դուբայը հայ օլիգարխների, քաղաքական գործիչների, պետական տարբեր պաշտոնյաների սիրելի վայրերից է։ Երբեմն նրանք իրենց զավակների հարսանիքներն են այնտեղ կազմակերպում, ծնուդներն են նշում, քաղաքական խորհրդակցություններ անցկացնում, գործարքների համար պայմանավորվածություններ ձեռք բերում, ծագած վեճերը հարթում: Նրանցից ոմանք ընտանիքներով այնտեղ Ամանորի տոներն են անցկացնում, նրանց կանայք` մեկնում առևտրի:
«Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:
2018-ին «Հետքը» գրել էր Դուբայում գույք գնած մի քանի հայ գործարարների ու պաշտոնյաների մասին: Տվյալները ստացել էինք Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաև «Հետքը») մեր գործընկերներից:
Այս անգամ ևս տվյալները ձեռք ենք բերել OCCRP-ից, որն իր հերթին, ինչպես նախորդ անգամ, դրանք ստացել է Վաշինգտոնում գործող C4ADS շահույթ չհետապնդող կազմակերպությունից, որն ուսումնասիրում է միջազգային հանցավորությունն ու կոնֆլիկտները:
Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:
Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա
Գագիկ Բեգլարյանի քաղաքական կարիերան ծաղկում էր 1990-ականների սկզբից մինչև 2016 թ.: 1993-1995 թթ. և 2012-ին մի կարճ ժամանակահատված նա ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, 2002-2009 թթ. Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարն էր, 2009-2010 թթ.՝ Երևանի քաղաքապետը, 2012-2016 թթ. էլ զբաղեցնում էր տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Հիմա, սակայն, Հայաստանում Բեգլարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: ՀՀ իրավապահները երկու խոշոր գործ են նախաձեռնել նրա վերաբերյալ:
Քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձում
Դրանցից մեկը քրեական վարույթ է, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: 2022 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Երևանի Կենտրոն թաղային համայնքի նախկին ղեկավարն ու Երևանի նախկին քաղաքապետը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև այդ դիրքի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք Երևանում և այլ բնակավայրերում:
Դատախազությունը հրապարակել է Երևանում գտնվող 24 միավոր անշարժ գույքի ցանկ: Ըստ իրավապահների՝ Բեգլարյանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերած գույքը օրինականացնելու, դրա ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու համար օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և մի քանի հոգու օգնությամբ տարբեր ձևական գործարքներ կատարել՝ հափշտակած անշարժ գույքի մեծ մասն օրինականացնելու համար: Դատախազության տեղեկացմամբ՝ հափշտակվել են նաև մի շարք մանկապարտեզների շենք-շինություններ, ինչի հետևանքով դադարեցվել է դրանց գործունեությունը, խախտվել են դրանցում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքները:
2022 թ. նոյեմբերին Գագիկ Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով քրեական հետապնդում է հարուցվել: Մի քանի հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել:
Նախկին պաշտոնյային առնչվող մյուս գործը ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայցն է, որով Գլխավոր դատախազությունը ցանկանում է բռնագանձել Գ. Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն ու դստերը պատկանող ու, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեցող մեծածավալ գույքը:
Այդ գույքի կազմում են Երևանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը՝ Տերյան փողոցում: Մնացած անշարժ գույքը գտնվում է Երևանի այլ վարչական շրջաններում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Արարատի մարզի Սիս համայնքում: Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նաև «Mercedes-Benz S600L» մեքենան:
Նշված գույքը բռնագանձելու անհնարինության դեպքում Դատախազությունը ցանկանում է գանձել այդ ամենի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր մոտ 11 մլրդ դրամ, ինչպես նաև մասնակցության իրավունք 10 իրավաբանական անձանցում և մոտ 2 մլրդ դրամ, որը հանձնված 8 փոխառությունների չվերադարձված մասն է: Ըստ Դատախազության՝ պետք է բռնագանձել ևս 4,5 մլրդ դրամ, որը բաղկացած է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտից, այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների մնացորդից, ինչպես նաև անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված գումարից:
Վերոնշյալ գույքը բռնագանձելու համար Գլխավոր դատախազությունը 2022 թ. մայիսին դիմել է դատարան: Նախապես գործը գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն հետո տեղափոխվել է նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան:
Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ
Ինչպես տեսնում ենք, Դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա անշարժ գույքը գտնվում է միայն Հայաստանում, սակայն «Հետքը» պարզել է, որ Գագիկ Բեգլարյանը գույք ունի նաև Դուբայում:
Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008 թ.-ից մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42 քմ):
Ներկայում «Balqis Residence»-ում այսքան մակերես և 3 ննջասենյակ ունեցող բնակարանների գները սկսվում են 4,5 մլն արաբական դիրհամից, ինչը հավասար է 1,2 մլն դոլարի:
Պաշտոնավարման տարիներին Գ. Բեգլարյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագրեր, որտեղ, սակայն, երբևէ չի հիշատակել Դուբայում ունեցած բնակարանը: Այս մասին «Հետքը» տեղեկացել է հայտարարագրերն ընդունող ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ): Հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեականացվել է 2017-ի հուլիսից, սակայն Գ. Բեգլարյանն իր վերջին հայտարարագիրը լրացրել է 2017-ի փետրվարին:
«Հետքը» նամակ էր ուղարկել նախկին պաշտոնյային՝ հարցնելով, թե ինչու երբևէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող իր անշարժ գույքը: Հետաքրքրվել էինք նաև, թե երբ է գնվել բնակարանը, ու որն է եղել հենց Դուբայում ներդրում կատարելու (գույք ձեռք բերելու) պատճառը: Բեգլարյանը, չնայած ստացել էր մեր նամակը, դրան չի պատասխանել: Այդուհանդերձ, «Հետքը» հանդիպել է նախկին պաշտոնյային ու փորձել ստանալ այս հարցերի պատասխանները, սակայն Գագիկ Բեգլարյանը մեկնաբանություն չի տվել:
Նախկին քաղաքապետն ու նախարարը Բեգլարյանների գերդաստանից միակը չէ, որ գույք է ձեռք բերել Դուբայում:
Գագիկ Բեգլարյանի նախկին պաշտոնյա եղբայրը ևս տուն է գնել արմավենու վրա
Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ևս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ. միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր:
Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաև մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող և 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը:
Ներկայում «Fairmont Palm Residence»-ի վերոնշյալ մասնաշենքում կարելի է 2 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 3,3 մլն արաբական դիրհամից (900 հազ. դոլար):
Նախկին պաշտոնյային ուղարկել էինք նույնատիպ հարցեր, ինչ եղբորը, բայց եթե Գագիկ Բեգլարյանը մեր նամակը ստացել է ու չի պատասխանել, ապա Հակոբ Բեգլարյանին փոստատարն այդպես էլ չի կարողացել հանձնել նամակը: Այնուհետ զանգահարել ենք նախկին պատգամավորի բջջային համարին: Ճշտելուց հետո, որ իր հետ զրուցողը լրագրող է, Բեգլարյանի ձայնով անձն ասաց. «Ինքը տեղում չի, քաղաքում չի», ապա անջատեց հեռախոսը:
Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը
Հ. Բեգլարյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տեղեկացմամբ, երբևէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող գույք: Նա այս գույքը չի հայտարարագրել նաև 2017 թ. փետրվարին, երբ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու հայտարարագիր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Խնդիրն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեական հանցանք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ: Քրեականացումից հետո Հակոբ Բեգլարյանը պաշտոնավարման բերումով ԿԿՀ-ին ներկայացրել է 3 հայտարարագիր, որոնցից վերջինը՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, պետք է պարունակեր ԱԺ պատգամավորի մանդատը թողնելու օրվա՝ 2019 թ. հունվարի 14-ի դրությամբ Բեգլարյանի ունեցած անշարժ գույքի բոլոր տվյալները: Բայց, ինչպես ասացինք, Դուբայի բնակարանը նա երբևէ չի հիշատակել:
Սա, թերևս, խնդիրներ կառաջացնի նախկին պաշտոնյայի համար: 2019-ի փետրվարին, երբ Բեգլարյանը ներկայացրել է իր վերջին հայտարարագիրը, ուժի մեջ էր նախկին Քրեական օրենսգիրքը: Այն սահմանում էր, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:
Նախկին պատգամավորը 2 բնակարան ունի Դուբայում
Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 և 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռևս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:
Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո
Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաև որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab 1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան:
Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերևում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչև 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչև 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը:
2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաև 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի և եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը:
Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:
Հրանտ Դավթյանի խոսքերը համադրելով փաստերի հետ՝ տեսնում ենք, որ նա շատ լավ էլ հիշում էր մանրամասները, այդ թվում՝ գույքի չհայտարարագրված լինելը (չնայած համասեփականատերերից մեկն էլ ինքն է), ընտանիքի անդամներից մեկի սեփականատեր լինելը, անգամ՝ մակերեսը: Այսպես՝ 1997-2007 թթ. արանքում Դավթյանն ու կինը՝ Աննա Դավթյանցը, «Al Sahab 1»-ի 7-րդ հարկում 85 քմ մակերեսով բնակարան են գնել, որն ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (5 քմ): Ամուսինները նաև ավտոկայանատեղի ունեն: Փաստորեն, ըստ Դավթյանի, իրենք տունը ձեռք են բերել մոտավորապես 2003 թ. («Հետքի» լրագրողի հետ զրույցից շուրջ 15 տարի առաջ), ինչը ևս չի հակասում մեր ունեցած տվյալներին:
Դուբայի կադաստրից տեղեկանում ենք, որ ամուսինները գույքը վարձակալության են հանձնել. ներկա պահին այն վարձակալ ունի: Ըստ կադաստրի՝ Դուբայ Մարինայում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 71.000-87.000 արաբական դիրհամ (20-24 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Al Sahab» համալիրում կարելի է 1 ննջասենյակով բնակարան գնել սկսած 1,4 մլն արաբական դիրհամից (380 հազ. դոլար):
2018-ին պաշտոնը ստանձնելու և 2019-ին այն թողնելու առիթով Հ. Դավթյանը ներկայացրել է հայտարարագրեր, որտեղ նշել է այս բնակարանը: Այսինքն՝ այս առումով նա խախտում թույլ չի տվել: Բայց սա ամենը չէ: Հրանտ Դավթյանը ևս մի գույք է ձեռք բերել Դուբայում, որի մասին նա չի հայտնել ո՛չ «Հետքի» լրագրողին, ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Դավթյանի երկրորդ բնակարանը
2011-2015 թթ. միջակայքում Հ. Դավթյանը բնակարան է գնել Դուբայ Մարինայի «Trident Grand Residence» բազմաբնակարան շենքում: Այս մեկը Դավթյանի միանձնյա սեփականությունն է: Բարձրահարկի 6-րդ հարկում գտնվող գույքի մակերեսը 136 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (12 քմ), Հ. Դավթյանն այստեղ նաև ավտոկայանատեղ ունի: Գույքը հանձնված է վարձակալության: Ըստ Դուբայի կադաստրի՝ Դուբայ Մարինայում 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 103.000-125.000 արաբական դիրհամ (28-34 հազ. դոլար): Իսկ ահա «Trident Grand Residence»-ում այսօր 2 ննջասենյակով և մոտ 135 քմ մակերեսով բնակարաններ են առաջարկվում 2,1 մլն արաբական դիրհամից սկսած (570 հազ. դոլար):
Այդուհանդերձ, ինչպես տեղեկանում ենք կադաստրից, Դավթյանի գույքին առնչվող վեճ կա 2022-ի օգոստոսից, և բնակարանի հետ կապված գործողությունների վրա (վաճառք, նոր վարձակալություն) արգելանք է դրված:
Այն, որ Հրանտ Դավթյանն այս գույքը չի հայտարարագրել 2018-2019 թթ., երբ երկրորդ անգամ էր ընտրվել պատգամավոր, պետք է որ գրավի հայ իրավապահների ուշադրությունը, քանզի Դավթյանի գործողությունները տեղավորվում են Քրեական օրենսգրքի տիրույթում:
«Հետքը» հարցեր էր ուղարկել ինչպես Բեգլարյան եղբայրներին, այնպես էլ Հրանտ Դավթյանին, որն Էջմիածին քաղաքի բնակիչ է: Նախկին պաշտոնյան մեր նամակին չէր պատասխանել, սակայն հեռախոսազրույցում առաջարկեց հանդիպել, ինչն էլ արեցինք: Հանդիպմանը ժամանակ նախկին պատգամավորը հայտնեց, որ Դուբայի երկրորդ բնակարանը պարզապես մոռացել է հայտարարագրել։ :
Դավթյանը «Trident Grand Residence»-ում հայ հարևաններ ունի, որոնք հանրահայտ են Հայաստանում: Նրա անմիջական հարևանությամբ տեղավորվել են նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ու վերջինիս կինը՝ Շողերինա Մկրտչյանը: Բայց նրանց մասին կպատմենք քիչ անց:
Մինչ այդ հիշեցնենք, որ 2018-ին հրապարակված մեր նախորդ հետաքննությունից հետո դրանով հետաքրքրվել էին ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը: Այնուհետև Գլխավոր դատախազությունից տեղեկացել էինք, որ հրապարակումն ուսումնասիրում է Ոստիկանությունը: 2020 թ. փետրվարին Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել հետաքննության մեջ հիշատակված անձանցից Հրանտ Դավթյանի վերաբերյալ: Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե), որն էլ 2020-ի սեպտեմբերին մեղադրանք էր առաջադրել նախկին պաշտոնյային և նրա որդուն: Մեր հրապարակումն ուսումնասիրելիս իրավապահները ստուգել էին Դավթյանների հայտարարագրերն ու պարզել, որ նրանք Հայաստանում ունեցած իրենց գույքն ամբողջությամբ չեն հայտարարագրել: Գործը մի որոշ ժամանակ քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն հետո տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան:
Դուբայում գույք է ձեռք բերել նաև Հրանտ Դավթյանի եղբայրը
Հրանտ Դավթյանի եղբայրը՝ Հովհաննես Դավթյանը, Դուբայում բնակարան է գնել 2009-2013 թթ. ընթացքում (Դավթյանները հաշվառված են Էջմիածնի նույն հասցեում): Գույքը գտնվում է «Jumeirah Village Circle» շրջանի «Seasons Community» բնակելի թաղամասում: Թաղամասն ունի 2 կլաստեր՝ «Ամառ» («Seasons Community Summer») և «Աշուն» («Seasons Community Autumn»): Հովհ. Դավթյանի տունը «Ամառ» կլաստերում է: 3-րդ հարկում գտնվող գույքի մակերեսը 56 քմ է, ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (9 քմ), Դավթյանը նաև ավտոկայանատեղի սեփականատեր է:
Դուբայի կադաստրի տվյալներով՝ բնակարանը հանձնված է վարձակալության: Նույն աղբյուրի գնահատմամբ՝ «Jumeirah Village Circle»-ում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 50.000-61.000 արաբական դիրհամ (14-17 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Seasons Community» թաղամասում կարելի է 1 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 425.000 արաբական դիրհամից (116 հազ. դոլար):
Չնայած կադաստրային պաշտոնական տվյալներով հենց Հովհ. Դավթյանն է բնակարանի ներկա տերը, մեր հանդիպմանը Հրանտ Դավթյանը հայտնեց, որ եղբայրը վաճառել է տունը:
Սամվել Ալեքսանյանն ու Շողերինա Մկրտչյանը Հրանտ Դավթյանի հարևաններն են
Մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր էր 2003-2019 թթ.: Նա և կինը՝ Շողերինա Մկրտչյանը, վերը հիշատակված «Trident Grand Residence»-ում բնակարան են ձեռք բերել 2012-2014 թթ. միջակայքում: Ամուսինները Հրանտ Դավթյանի անմիջական հարևաններն են:
Ալեքսանյանի ու Մկրտչյանի տան մակերեսը 202 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (34 քմ), ամուսինները նաև 2 հատ ավտոկայանատեղ ունեն: Բնակարանը հանձնված է վարձակալության: Ըստ Դուբայի կադաստրի՝ Դուբայ Մարինա շրջանում 3 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 147.000-179.000 արաբական դիրհամ (40-49 հազ. դոլար): Ինչ վերաբերում է վաճառքի գներին, ապա «Trident Grand Residence»-ում այսօր կարելի է 3 ննջասենյակ և շուրջ 200 քմ մակերես ունեցող բնակարան գնել 4,2 մլն արաբական դիրհամից սկսած (1,1 մլն դոլար):
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացել ենք, որ ո՛չ Ս. Ալեքսանյանը, ո՛չ նրա կինը երբևէ չեն հայտարարագրել Դուբայում գտնվող անշարժ գույք: Սա, ըստ էության, իրավական խնդիրներ կառաջացնի նրանց համար, քանի որ առնվազն 2014 թ. նրանք արդեն այդ բնակարանի տերերն էին, սակայն այդպես էլ չեն հայտարարագրել գույքը մինչև 2019 թ. հունվար, երբ Ալեքսանյանը վայր է դրել մանդատը:
Ինչպես մյուս պաշտոնյաների պարագայում, Ալեքսանյանի դեպքում ևս «Հետքը» հարցեր էր կազմել և փոստով ուղարկել նրա հաշվառման հասցեով: Սակայն փոստատարին չի հաջողվել այն հանձնել նախկին պաշտոնյային: Այդուհանդերձ, «Հետքը» հանդիպել է գործարարին, և վերջինս հայտնել է, որ նախկինում մոռացել է հայտարարագրել Դուբայի իր գույքը:
Դատախազությունը չի ասում, թե արդյոք ուսումնասիրում է Ալեքսանյանի, Բեգլարյանի ու Դավթյանի ունեցվածքը
«Հետքը» ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե արդյոք ուսումնասիրում է Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Բեգլարյանի, Հրանտ Դավթյանի ունեցվածքը ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: Խնդրել էինք հնարավորության դեպքում տրամադրել բռնագանձման ենթակա գույքի ցանկը կամ թեկուզ հայտնել, թե արդյոք այդ ցանկում առկա է Դուբայ քաղաքում գտնվող գույք:
Դատախազությունից փոխանցել են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ անձին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրության առկայության կամ բացակայության փաստը գաղտնի է, հետևաբար՝ տեղեկատվություն չի կարող տրամադրվել: Իրականում օրենքը նշում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, հիմքերը, ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Այսինքն՝ իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը տեսականորեն կարող էր մեզ տրամադրել մեր խնդրած ինֆորմացիան, սակայն այլ կերպ է վարվել:
Ամեն դեպքում, մեր այս հրապարակումը կարող է հիմք դառնալ, որ իրավապահները նշված պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ուսումնասիրություններ սկսեն կամ սկսած լինելու դեպքում ընդլայնեն շրջանակները՝ դուրս գալով Հայաստանի սահմաններից ու ներառելով վերը նշված չհայտարարագրված գույքը: