ՌԴ-ում Վլադիմիր Կարա-Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզայի նկատմամբ։ Երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման․ 7 տարի «զինվորական ֆեյքերի» գործով, 3 տարի՝ «անցանկալի» կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար, 18 տարի՝ պետական դավաճանության գործով։
Ապրիլի 10-ին վերջին խոսքով հանդես գալով՝ Կարա-Մուրզան ասել է, որ «սիրում է Ռուսաստանը» և «ոչնչի համար չի զղջում»։ «Վերջին խոսքում սովորաբար արդարացնող դատավիճ են խնդրում։ Հանցագործություններ չգործած անձի համար միակ օրինական պատիժը կլինի արդարացումը։ Բայց ես այս դատարանից ոչինչ չեմ խնդրում։ Ես գիտեմ իմ դատավճիռը... Բայց ես գիտեմ նաև, որ գալու է մի օր, երբ խավարը կցրվի մեր երկրից. երբ սևը կկոչվի սև, իսկ սպիտակը՝ սպիտակ, երբ պաշտոնական մակարդակով կճանաչվի, որ երկու անգամ երկու ամեն դեպքում չորս է. երբ պատերազմը կկոչվի պատերազմ, իսկ բռնատիրողը՝ բռնատիրող և երբ հանցագործ կճանաչվեն նրանք, ովքեր այս պատերազմը հրահրել և սանձազերծել են և ոչ թե նրանք, ովքեր փորձել են կասեցնել այն», - մատնանշել է նա։
2022 թվականի ապրիլի 22-ին Վլադիմիր Կարա-Մուրզան բերվել է Մոսկվայի Բասմանյան դատարան։ Դատավորը նրան ուղարկել է քննչական մեկուսարան՝ ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու մեղադրանքով։ Ենթադրաբար, պատճառը եղել է քաղաքական գործչի ելույթը 2022 թվականի մարտի 15-ին Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում, երբ նա հիշատակել է Ուկրաինայի «բնակելի թաղամասերի, հիվանդանոցների և դպրոցների վրա ռումբերի նետման մասին»։
Մեղադրող կողմը Կարա-Մուրզայի համար խնդրել է 25 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանները՝ Մարիա Էյսմոնտը և Վադիմ Պրոխորովը, հայտարարել են, որ պաշտպանյալին անմեղ են համարում և դատարանին խնդրել են արդարացնել նրան։ Գործընթացը տեղի է ունեցել փակ դռների հետևում։
Կալանավորման ընթացքում ընդդիմադիրի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մարտի 16-ին փաստաբան Վադիմ Պրոխորովը DW-ին տված հարցազրույցում Կարա-Մուրզայի վիճակը որակել է որպես հետևանք 2015-ին և 2017-ին նրա երկու թունավորումների։ Ապրիլի 10-ին տասնյակ ռուս լրագրողներ և իրավապաշտպաններ բաց նամակ են հրապարակել՝ ի պաշտպանություն Վլադիմիր Կարա-Մուրզայի։ Այս փաստաթղթում նրանք քաղաքական գործչի գործն անվանել են «ստալինյան տեռորին վերադարձի վառ օրինակ»։
News.am