Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԵԿՏԱՐՆԵՐ ՀԱՆՁՆԱԾՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԵԿՏԱՐՆԵՐ ԱԶԱՏԱԳՐԱԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ
Գրիգորի Խաչատուրովը ընդօրինակման արժանի գեներալ է։ Այս մասին լրագրողների հետ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ իրավաբանականից և բարոյականից զատ, հարցը պետք է դիտարկել նաև երեք հարթություններում՝ գիտական, կրթական և խորհրդանշական։
«Գեներալ Խաչատուրովը անկախ Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների սան է։ Նա գեներալ է, ստրատեգ, ոչ միայն տեսականորեն է տիրապետում ռազմարվեստի նրբություններին, այլև գործնականում կիրառել է դրանք։ Ընդ որում՝ նա համեստ գեներալ է, երբեք բարձր չի խոսել իր հերոսական արարքների մասին։ Նրան պետք է իմանան սերունդները՝ որպես խորհրդանիշ, որն իր մեջ ամբարել է հայկական բանակի լավագույն հատկանիշները»,- ընդգծել է Մելքոնյանը։
Թուրքագետը նշել է, որ «բոլորին է հասկանալի, որ այժմ պայքար է ընթանում խորհրդանշանների դեմ». Թուրքիան և Ադրբեջանը խորհրդանշանների պայքար են մղում՝ այս կամ այն արարքները կապելով իրենց համար կարևոր ամսաթվերի հետ։
«Հայաստանի իշխանությունները ոչնչացնում են խորհրդանշանները, տիրում է բարոյական անկման մթնոլորտ, հեկտարներով հող հանձնածները մեղադրում են նրանց, ովքեր հեկտարներով հող են ազատագրել։ Իշխանությունները քարոզում են, թե չկան խորհրդանշաններ, չկան հերոսներ, բոլորին ինչ-որ բանում մեղադրում են։ Այնինչ, Գրիգորի Խաչատուրովն ընդօրինակման է արժանի, որով կարող են հպարտանալ սերունդները։ Ուզում եմ ավելացնել, ոչ որպես մասնագետ, այլ որպես քաղաքացի. երկակի չափորոշիչները Հայաստանում հասել են տիեզերական չափերի, երբ անպատիժ են մնում զոհվածների ծնողների դեմ ոտնձգողները (միջադեպը Եռաբլուրում- խմբ.), թքում են (միջադեպը ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ- խմբ.), բայց պատժվում են նրանք, ովքեր պաշտպանում են հայրենիքը»,- ասել է Մելքոնյանը՝ ավելացնելով, որ խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան վերաբերում է պետության գոյությանը։