Հայաստանում չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են վերականգնողներ պատրաստել

Հայաստանում հիմնվել է «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը կոչված է զբաղվելու ոլորտի խնդիրներով: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը։

«Մենք հարուստ ժառանգություն ունենք, որը պետք է պահպանել։ Ավաղ, մեզ մոտ ոչ ոք չի մտածում այն մի բուռ մարդկանց մասին, ովքեր հսկայական աշխատանք են կատարում յուրաքանչյուր արտեֆակտն ու թանգարանային նմուշը պահպանելու համար: Հենց այդ պատճառով էլ մենք ստեղծեցինք մեր ասոցիացիան»,-ասել է նա։

Էլիազյանը նշեց, որ Ասոցիացիայի կազմում շուրջ 100 փորձագետ է ընդգրկված: Տարբեր հանդիպումների և քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանում պարզապես չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են վերականգնողներ պատրաստել։ Նրանց սովորեցնում են հիմնականում թանգարաններում և այլ մշակութային օջախներում։ Սակայն վերապատրաստումից հետո մասնագետների մեծ մասը հեռանում է ոլորտից՝ ցածր աշխատավարձի պատճառով։

Կազմակերպության վարչության անդամ Աստղիկ Մելքոնյանը նշեց, որ խնդիրներ կան նաև կրթական ծրագրերի հետ կապված, և ասոցիացիան ուժերի ներածին չափով հատուկ ուշադրություն է դարձնելու այդ հարցին: Նրա խոսքով՝ վերականգնողի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և դա պետք է օգտագործել։

Կազմակերպության վարչության մեկ այլ անդամ Սերգեյ Աբելյանը նշեց, որ ոլորտի մասնագետները խնդիրներ ունեն վերականգնման համար նախատեսված տեխնիկայի և նյութերի մատակարարման հետ: Սակայն արդեն բանակցություններ են ընթանում տարբեր արտադրողների հետ՝ մատակարարումները կազմակերպելու համար։ Նա չբացառեց, որ մոտ ապագայում Հայաստանում կկազմակերպվի վերականգնման համար նախատեսված նյութերի արտադրություն, որոնք կարող են նաև արտահանվել:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հայտնել էր, որ Հայաստանում որմնադիր-վերականգնողների պակաս է զգացվում, որոնք ունակ կլինեն աշխատել հնագույն մշակութային հուշարձանների վերականգնման վրա: Նրա խոսքով՝ երկու հուշարձանների վերակառուցման մրցույթին ոչ մի շինարարական ընկերություն մասնակցելու հայտ չի ներկայացրել։ Նա վստահեցրել էր, որ 2023 թվականին հուշարձանների վերականգնման համար հատկացվել է շուրջ 400 մլն դրամ։

2022 թվականի տվյալներով՝ վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում ավելի քան 550 անվանում կա։