ՍԱՖԱՐՈՎԻ ՍՏՎԵՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԱԼԻԵՎՅԱՆ ԶՈՄԲԻԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՐՈՒՄ
Նախիջևանի կողմից Հայաստանի տարածք ադրբեջանցի երկու զինվորականների ներթափանցումից մեկ շաբաթ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց նրանց կալանավորման մասին։ Գլխավոր դատախազությունը հաղորդեց Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի դեմ Քր.օր. մի շարք հոդվածներով քրեական գործի հարուցման մասին։ Նրանք մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու» մեջ։
ՍԱՀՄԱՆԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄ ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊՆԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, զենք ու զինամթերքի շրջանառություն և նույնիսկ «մաքսանենգություն». լավ, հասկանալի է։ Բայց ո՞ւր կորավ այն հեռախոսը, որը ենթադրաբար պատկանում էր մի քանի օր առաջ անհայտ հանգամանքներում սպանված ԶՊՄԿ աշխատակցին։ Ինչո՞ւ մեղադրանքում մի բառ անգամ չկա բացահայտ ռասիստական, ագրեսիվ բովանդակության տեսանյութի մասին, որում ադրբեջանցիներից մեկը լկտիաբար խոստովանում է հայերի սպանության մասին և հայտարարում, որ մտադիր է այսուհետ էլ դա անել։
Այդ նույն հաղորդագրության մեջ Գլխավոր դատախազությունը խոստանում է «պարբերաբար տեղեկացնել հասարակությանը քրեական գործի հետաքննության ընթացքի մասին»։ Գովելի է, իհարկե։ Սակայն մեղադրանքների թվարկման մեջ հեռախոսի և տեսագրության բացակայությունը, նույնիսկ հիշատակումն այդ մասին, ակամայից հանգեցնում է այն մտքին, որ տվյալ գործում հստակ նկատվում է քաղաքական պատվերը և այդ երկուսին, առնվազն մեկին, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելուց պաշտպանելու ձգտումը։ Թե ով կարող էր նման պատվեր տալ Գլխավոր դատախազությանն ու դրա ղեկավարին, հռետորական հարց է. ուրիշ ոչ ոք, բացի Հայաստանի վարչապետի աթոռին բազմած սուբյեկից։ Բացի նրանից, ով նախապես, դեռևս մինչև երկրորդ ադրբեջանցուն բռնելը, արդեն նախորոշեց նրանց հանցաչափը, չնայած փաստերին, հանցանշաններին և ապացույցներին։ Ընդ որում՝ արեց դա հրապարակավ։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես հաշված ժամեր անց այն բանից հետո, երբ Ազատ գյուղի զորանոցում 15 հայ զինվորներ զոհվեցին հրդեհում, Փաշինյանը առաջադրեց ողբերգության պատճառի վարկած, դրանով իսկ փաստորեն պատվեր իջեցնելով հետաքննությանը։ Հետագայում, նոր բացահայտված փաստերի և վկայությունների շնորհիվ, որոնք իրավապահներին չհաջողվեց թաքցնել, պարզվեց, որ այդ վարկածը հեռու է իրականությունից։ Այն հարցը, թե ի՞նչ իրավունք ունի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակավ վարկածներ հնչեցնել, երբ հետաքննությունը հենց նոր է սկսվել, մնաց օդից կախված, ինչպեսև նախկինում հարյուրավոր այլ հարցեր…
Նույնն էլ կրկնվում է այսօր. այն իրավիճակում, երբ երկրորդ սահմանախախտը դեռևս զբոսնում էր Հայաստանում, երբ դեռևս հայտնի չէր ո՛չ հեռախոսի, ո՛չ տեսանյութի մասին, երբ հետաքննությունը դեռևս ինչպես հարկն է չէր էլ սկսվել, Նիկոլն արդեն հանձն առավ ադրբեջանցիների փաստաբանի դերը և բարձրաձայնեց նույնիսկ ոչ թե վարկած, այլ «քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ դարձած փաստեր»։ « Ադրբեջանի բանակի զինվորը ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով»,- անառարկելի տոնով հայտարարեց նա։ Եվ հավելեց, թե երկրորդ զինծառայողը արդեն հայկական սահմանամերձ գյուղում իբր ասել է, թե «փոշմանել է և ուզում է վերադառնալ»։ Դա, ընդգծում ենք, ասվեց ելուզակի մասին, որը հավանաբար իր իսկ սպանած մարդու հեռախոսով նկարահանել էր տեսաուղերձ, որտեղ պարծենում է, որ «հայերի արյուն է թափել», «հայերի գլուխներ կտրել» և այդ կերպ պաշտպանում է «հայրենիքի պատիվը»։
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԿԱ «ծառայակիցների ճնշումներից ու նվաստացումներից» փախած զոհերի մասին։ Հիմա՝ հարց. ո՞վ է ստում, Փաշինյանը, թե՞ Գլխավոր դատախազությունը։ Այդ ի՞նչ «քննչական գործողությունների արդյունքների» մասին էր խոսում Փաշինյանը ապրիլի 13-ին, եթե Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաղորդում է միանգամայն այլ բան. այդ երկուսը սամանն անցել են ոչ թե փրկվելով ոչ կանոնադրական հարաբերություններից, այլ նախնական համաձայնությամբ, իրենց հետ բերելով հրազեն ու ռազմամթերք։ Այդ «նախնական համաձայնության» նպատակի մասին ոչ մի խոսք չի ասվում, ինչպեսև այն մասին, որ այդ երկուսը, հնարավոր է, ուղարկվել են Հայաստանի տարածք դիվերսիաներ և սպանություններ կատարելու համար։
Այստեղ, ելնելով ժանրի օրենքներից, կարելի էր հավելել. «սպասենք հետաքննության շարունակությանը»։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ այդ պղտոր գործի մասին ճշմարտությունը ամենայն հավանականությամբ կթաքցվի հայ հասարակությունից։ Քանզի հենց դրան են միտված հակասությունները Փաշինյանի կողմից շարադրված «քննչական գործողությունների արդյունքների» և Գլխավոր դատախազության առաջադրած մեղադրանքների միջև։ Փաշինյանն ու Վարդապետյանը փորձում են անել ամեն ինչ, որ այդ երկու հանցագործները գլուխ պրծացնեն ընդամենը սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և զենքի շրջանառության, ինչպես նաև «մաքսային հսկողությունից դա թաքցնելու» մեղադրանքով։
Փաշինյանը և Վարդապետյանը միտումնավոր փորձում են ադրբեջանցի երկրորդ դիվերսանտին ազատել սպանության, ազգային հատկանիշով թշնամանք և ատելություն բորբոքող ռասիստական հայտարարություններ, ինչպեսև սպանություն գործելու մասին հնարավոր խոստովանությունը բովանդակող տեսագրության պատրաստման և տարածման մեղադրանքներից։ Մեր առջև ալիևյան քարոզչությամբ զոմբիացված, հայի սպանությունը հերոսություն համարող մոլագար Սաֆարովի հետևորդի տիպական կերպար է։ Հիշեցնեմ, որ կացնով զինված բուդապեշտյան մարդասպանը բազմիցս հայտարարել է, որ իր կյանքի նպատակն է սպանել հնարավորինս մեծ թվով հայերի։
Կասկածի տակ առնել, որ ադրբեջանցի զինծառայողները սահմանն անցել են հանցավոր նպատակներով ու մտադրություններով, պարզապես անիմաստ է։ Բայց Փաշինյանը և Վարդապետյանը կանխամտածված աչք են փակում այդ ամենի վրա մեկ նպատակով. հնարավորություն ունենալ հետագայում հապշտապ անցկացնել հետաքննությունը, դատը, դատավճիռ կայացնել և հնարավորինս արագ այդ երկուսին հանձնեն Բաքվին։ Հենց այդ մասին էր խոսում Փաշինյանը, նախապես հրաժարվելով հնարավոր փոխանակումից՝ գոնե մի քանի հայ գերիների Բաքվի դժոխքից փրկելու հնարավորությունից։ Նա պարզապես չի ցանկանում, որովհետև դա չի ցանկանում Ալիևը։
ՄԻԱՅՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՏՐԵԼ պաշտոնական հաղորդագրության մեջ հեռախոսի և տեսանյութի առկայության մասին միտումնավոր լռությունը։ Եթե պարզվել է, որ հեռախոսը չի պատկանել սպանվածին, ինչո՞ւ այդ մասին չի հաղորդվում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա տեսանյութի փաստը ժխտելն անհնար է։ Բայց Վարդապետյանը Նիկոլի պաշտպանյալին ոչ մի մեղադրանք չի ներկայացնում, գոնե առնվազն ազգամիջյան թշնամանքի և ատելության։ Փոխարենը խոսում է զենքն ու զինամթերքը մաքսային վերահսկողությունից թաքցնելու մասին։
Այդ դեպքում մեկ այլ հարց տանք Փաշինյանի ձեռնասուն գլխավոր դատախազին. իսկ ինչպե՞ս վարվել այն հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողների հետ, որոնք երկու տարի առաջ ապօրինի հատել են Հայաստանի սահմանը և գտնվում են մեր երկրի տարածքում։ Ավելին, նոր տասնյակ ու հարյուրավորներ կանոնավորապես անում են դա նորից ու նորից։ Վերջին անգամ՝ կես ամիս առաջ, Տեղ գյուղի շրջանում։ Եվ ընդ որում սպանում են Հայաստանի քաղաքացիներին։ Վերջին անգամ՝ չորս երիտասարդ զինծառայողների…
Դրանք, այդ «սահմանախախտները» իրենց հետ հրազեն ու ռազմամթերք չե՞ն բերել։ Իսկ գուցե նրանք անցե՞լ են մաքսային հսկողությունը, և ՀՀ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն իրենց հավանությո՞ւնն են տվել։ Քանզի հրամանը բխել է նրանից, ով ողջ ուժով ջանում է փրկել Սաֆարովի երկու հետևորդներին ծանր հանցագործություններում մեղադրանքից և վերադարձնել իրենց շեֆին՝ Ալիևին։
Դա անում է նա, ով զբաղեցնում է Հայաստանի վարչապետի աթոռը, անում է երկրի ինքնիշխան տարածքների երկամյա բռնազավթման խորապատկերին, 120 000 արցախահայերի չորսամսյա շրջափակման, մշտական սադրանքների, հայ զինծառայողների սպանությունների և սպանության փորձերի պայմաններում, երբ ավելի քան 80 հայ ռազմագերիներ դժոխքի բոլոր պարունակներն են անցնում Բաքվում, երբ Հայաստանի սահմանամերձ գյուղերի հազարավոր բնակիչներ զրկված են անվտանգ կյանքի, ասենք՝ ի՞նչ անվտանգ, պարզապես կյանքի իրավունքից… Շարունակե՞նք թվարկումը։