ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ Է

Անկարան, Բաքուն և Երևանը դարձյալ գործում են միասնաձայն։ Ինչպես արդեն գրել ենք, Անկարայից ստացվեց Էրդողանի վարչակազմի հայտարարությունը, որտեղ ասվում է, թե Հայաստանը «պետք է» սեղմ ժամկետում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում ելույթ ունեցավ Իլհամ Ալիևը և պահանջեց, որ Հայաստանը հայտարարի, թե Ղարաբաղը Ադրբեջան է։ Նրա համար դա կարևոր է, որպեսզի անցակետ դնի Լաչինի միջանցքում, իսկ 2025 թվականին հիմքեր ունենա պահանջելու, որ խաղաղապահները դուրս բերվեն Արցախից։ Երևանում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և, ակնարկելով պատերազմի վտանգի մասին, նորից ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններով, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այսինքն՝ Արցախով հանդերձ։

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԱՍԱՑ, թե փաստորեն Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել Արցախի հարցում, ճանաչելով երկու երկրների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, մեր հրահրված ռուսատյացները մեծ աղմուկ բարձրացրեցին. վա՜յ, ի՛նչ վատն է այդ Լավրովը, բոլորովին հաշվի չի առնում այդ հռչակագրի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի ընդունած վերապահումները…Երեկ խորհրդարանում Նիկոլն ասաց, որ այդ վերապահումները փաստացի ոչինչ չարժեն։ Հրահրվածները լռում են…

Եվ այսպես, խորհրդարանում ներկայացնելով կառավարության անցած տարվա գործունեության հաշվետվությունը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ինչպես պահանջել էր Ալիևը։ Էլ ի՞նչ է ուզում Ադրբեջանի նախագահը։

Ավելին, Փաշինյանն ասաց, որ մենք պետք է վերակառուցենք մեր մտածելակերպը և այսուհետ նույնացնենք «հայրենիք» հասկացությունը «պետություն» հասկացության հետ: Այսինքն՝ որտեղ պետություն է, այնտեղ էլ հայրենիքն է։ Իսկ պետականությունը մեզանում 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա է, որտեղ իշխում է Փաշինյանը։ Սա ականջներիդ օղ արեք, Հայաստանի հպարտ քաղաքացիներ։

Ճիշտ է, Փաշինյանը նաև համեստություն դրսևորեց։ Ընդունեց իր սխալը։ «Այս խաղն ավարտված խաղ է»,- խորհրդարանում հանդիսավորությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և խոստովանեց, որ իր գլխավոր սխալն այն էր, որ դեռևս 2018-2019 թվականներին չի խոստովանել դա Հայաստանի քաղաքացիներին: Իբր, Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Արցախը Ադրբեջանի մասն է։ Իբր, ինքը դա հասկացել է, երբ մանրամասն ծանոթացել է Մադրիդյան սկզբունքներին, բայց Հայաստանի քաղաքացիներին այդ մասին չի ասել

Ինչպես միշտ Փաշինյանի հայտարարությունների դեպքում՝ սուտն ու մանիպուլյացիաները խառնված են մի փոքրիկ ճշմարտության հետ։ Շատ փոքրիկ։

Այն, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, լոկ զառանցանքն է մի մարդու, որը դողում է իր իշխանության համար, հասկանալով, որ առանց իշխանության ապագա չունի։ Մադրիդյան սկզբունքներում ոչ միայն չկա որևէ նման բան։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը (կարգավիճակ, որը կճանաչի միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ադրբեջանը) պետք է որոշվի Արցախի քաղաքացիների կամարտահայտության արդյունքներով։

Եվս մեկ նրբերանգ. Մադրիդյան սկզբունքները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով բնավ այն մասին չէին, թե արդյոք Արցախն անկախ է, Ադրբեջանի մաս, թե Հայաստանի մաս։ Այդ պահի՝ 2007 թվականի դրությամբ Արցախը պաշտոնապես անկախ պետություն էր, փաստացի՝ Հայաստանի մաս։

Բոլորը ոչ միայն հասկանում, այլև ընդունում էին դա։ Եվ խոսքն այն մասին էր, թե ինչպիսին պետք է լինի այն մեխանիզմը, որով միջազգային հանրությունը դե յուրե կճանաչի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Որպեսզի ամեն ինչ լինի հաշտ ու խաղաղ, որպեսզի հակասություններ չլինեն միջազգային իրավունքի երկու հայտնի սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև։

Կրկնենք ևս մեկ անգամ. Արցախի կարգավիճակի մասով Մադրիդյան սկզբունքները ոչ թե այն մասին էին, թե ումն է Արցախը, այլ թե միջազգային հանրության համար ընդունելի ինչ կանոններով պետք է վերջնականապես ամրագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա կարևոր էր միջազգային հանրության համար, այդ թվում նաև այն պատճառով, որ նախադեպ գրանցվեր ապագայում նմանատիպ հակամարտությունների լուծման մասով։

Եվ միջազգային հանրության համար գոհացուցիչ այդպիսի մեխանիզմ սահմանվեց հանրաքվեն, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, առաջարկում էին կրկին անցկացնել Արցախում, Մադրիդյան սկզբունքների այլ ուղղությունների առաջմղման գործընթացի հետ մեկտեղ. Ադրբեջանին որոշակի տարածքների փուլային հանձնման, փախստականների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, հաղորդակցությունների ապաշրջափակման։ Եվ այս ողջ գործընթացի արդյունքում արցախյան պետականությունը ոչ միայն չէր կորցնում իր ինքնիշխանությունը, այլև հակառակը, ենթադրվում էր Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներգրավում մի շարք միջազգային կառույցների աշխատանքներում։

Բացի Փաշինյանից և «ուսապարկերի թիմից»՝ բոլորի համար ակնհայտ Մադրիդյան սկզբունքների հենց այդ ըմբռնման պատճառով էլ Ալիևն ավելի քան 10 տարի ամեն կերպ հրաժարվում էր դրանցից և գանգատվում, որ իրեն պարտադրում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այնպես որ Մադրիդյան սկզբունքների մասով Փաշինյանի հայտարարությունները պարզապես այն մարդու ստերն են, որը շատ է վախենում պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ արել է և դեռ պիտի անի։

Ո՞րն է ճշմարտության հատիկը Փաշինյանի խոսքերում։ «Խաղն ավարտված է»,- ասում է Փաշինյանը: Նա հայտարարում է, թե իր մեղքն այն է, որ այդ մասին չի ասել հայ ժողովրդին։ Ողբերգական է, բայց գուցե նա իրավացի է: Սակայն մի՞թե նա կարող էր խոստովանել իր խանդավառ երկրպագուներին, որ «խաղն ավարտված է» 2018 թվականի մայիսի 8-ին, երբ ինքը ընտրվեց վարչապետ։