Արթուր ՄՈՍԻՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՍԽԱԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

Նիկոլ Փաշինյանին ոչ միայն Արցախում են սխալ հասկանում, այլ նաև հայ ժողովուրդն է սկսել իրեն սխալ հասկանալ, որովհետև նա սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նշենք՝ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ԱՀ ԱԺ խմբակցությունները սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում՝ այս անգամ էլ են իրեն սխալ հասկացել: Խոսքն այն մասին է, որ Արցախի ԱԺ 5 խմբակցություններն անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:

«Բացի Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից, ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն իրեն ճիշտ է հասկանում: Նիկոլ Փաշինյանին որևէ բանական մարդ չի կարող մեկնաբանել, որովհետև նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին՝ մի բան, երեկոյան՝ այլ բան: Նա Ազգային ժողովում 3 րոպեում իրեն հակասում է»,- նշեց Մոսիյանը:

Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն Ադրբեջանի կազմում, խմբակցության ղեկավարը մեկնաբանեց.

«Նա մանիպուլյացիա է անում, իբր թե հղում է անում Ալմա-Աթայի հռչակագրին, որում Հայաստանը Արցախի մասին վերապահումով է վավերացրել, բայց չգիտես՝ ինչու նա դա չի ասում. ոչ ինքն է ասում, ոչ էլ Ալիևը, որովհետև իրենք Արցախի հարցում համակարծիք են: Իսկ Մադրիդյան սկզբունքներն աշխատանքային փաստաթուղթ է, նա վավերացված չէ: Մադրիդյան սկզբունքներին հղում է անում տարածքային ամբողջականության մասով, որի հետ Արցախը երբեք կապ չի ունեցել: Նա մոռանում է ինքնորոշման մասին խոսել, ինքնորոշման իրավունքը աշխարհն այլ կերպ է հասկանում, Նիկոլ Փաշինայնն ու Ալիևն՝ այլ»:

News.am