ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐ, ԹԵ՞ ՄԱՈՒԶԵՐԻՍՏՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՏԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ

Սյունիքի Տեղ համայնքում տիրող իրավիճակը հանրային ուշադրության կենտրոնում է արդեն ավելի քան 3 շաբաթ: Ավելի ճիշտ՝ մարտի 29-ի գիշերից, երբ ադրբեջանական կողմը, խախտելով (ախ, ինչպիսի՜ անակնկալ) երկկողմ պայմանավորվածությունները, առաջ շարժվեց և սկսեց ամրություններ կառուցել հայկական տարածքում, չբախվելով բացարձակապես ոչ մի դիմադրության։ Այնուհետ տեղի ունեցավ ապրիլի 11-ի մարտական բախումը, որում զոհվեց չորս և վիրավորվեց վեց հայ զինծառայող, ինչը առաջացրեց բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները դեռևս չկան:

Մի շարք փորձագետներ այս իրադարձություններն արդարացիորեն կապում են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող գործընթացների հետ, համարելով, որ լարվածությունն ու մշտական զինված բախումները, իսկ հնարավոր է և տեղային փոքր պատերազմն այստեղ պետք են բոլոր դերակատարներին (բացի Իրանից), ներառյալ Հայաստանի դե ֆակտո վարչապետին, որի տերերը պահանջում են կատարել Ալիևին տված խոստումները: Մշտական լարվածությունը, մշտական բախումները՝ մարդկային և տարածքային կորուստներով, տեղի բնակիչների համար անվտանգության որևէ երաշխիքների և գոյության նվազագույն միջոցների ապահովման պայմանների բացակայությունը կհանգեցնեն, նրանց կարծիքով, Փաշինյանի համար անչափ ցանկալի իրավիճակի, երբ նա կտարածի ձեռքերն ու կհայտարարի, թե իբր՝ դիմադրելն անհնար է, ստիպված ենք զիջել։

Մի կողմ թողնելով խնդրի աշխարհաքաղաքական տեսանկյունը՝ պետք է արձանագրել. իշխանության ներկայացուցիչների վարքագիծը, ինչպես Երևանում, այնպես էլ բուն համայնքում, բոլոր հիմքերը տալիս են նման եզրահանգումների համար։

Ապրիլի 4-ին ռեժիմի առավել խորշելի ներկայացուցիչներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, խրոխտանքով հայտարարեց, թե Սյունիքի, մասնավորապես՝ Տեղ գյուղի բնակիչներին, «հաջողվում է առանց բանակի ներգրավման կանխել ադրբեջանցիների ոտնձգությունները հայկական հողերի նկատմամբ»։ Այն, որ խոսքը պետական սահմանը թշնամու զինված ագրեսիայից պաշտպանելու մասին է, ինչը համապատասխան պետական կառույցների և ընդհանրապես կառավարության առաջնային պարտականությունն է, սույն սուբյեկտը, բնականաբար, նախընտրեց լռել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ապրիլի 12-ին այցելելով Տեղ գյուղ, Ֆեյսբուքում գրել էր, որ տեղի բնակիչները պահանջում են զենք բաժանել իրենց ինքնապաշտպանության համար: «Գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի։ Թշնամու առաջխաղացումից հետո այլևս անհնարին է դարձել արոտավայրերի օգտագործումը։ Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց զենք տրամադրվի՝ հնարավոր դիվերսիոն հարձակումների դեպքում ինքնապաշտպանության հնարավորություն ունենալու համար», - տեղեկացրել էր նա։

Սակայն ապրիլի 14-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ ՊՆ-ն դեռ զինվելու հանձնարարություն չի տվել Տեղ գյուղի բնակիչներին։ «Քաղաքացիական անձանց զենք բաժանելը Պաշտպանության նախարարության որոշմամբ պետք է լինի՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ»,- ընդգծեց Ղուկասյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե «ամեն մեկը զենք վերցնի ու ինչ մտածում է անի, մենք կունենանք շատ վատ իրավիճակ»։

Իսկ ահա իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը ապրիլի 19-ին հայտարարեց, թե սուտ են այն պնդումները, որ Տեղ գյուղի բնակիչներին զենք չեն տալիս։ Նրա խոսքերով, երբ պաշտպանության կազմակերպման խնդիր է առաջանում, գյուղը պետք է ունենա իր ռազմավարական պլանը, մարտական իրավիճակում բնակչության վարքագծի կանոնները, և որ այդ առումով Տեղը ամենալավ պատրաստված գյուղն է Հայաստանում: «Համայնքում կա զինանոց, ամեն ինչ, և յուրաքանչյուր տղամարդ գիտի՝ ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ: Գյուղացիներին զենք չեն բաժանել, բայց ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում, ամեն բնակիչ գիտի, թե որտեղ է իր զենքը, որտեղից վերցնի և ուր կանգնի»,- ասաց Խաչատրյանը։

Նախեվառաջ նշենք, որ ՔՊ խմբակցության ոչ մի ներկայացուցիչ, ինչպեսև կառավարության ոչ մի անդամ մարտի 29-ի և ապրիլի 11-ի դեպքերից հետո անհրաժեշտ չի համարել այցելել Տեղ համայնք, համենայն դեպս այդ մասին հաղորդագրություններ չեն եղել: Այնտեղ մեկնել է միայն փաշինյանական նորընտիր օմբուդսմենուհին, որը հանուն պարկեշտության առաջին այցը կատարեց հենց սահմանամերձ շրջան։ Այնպես որ մնում է միայն գուշակել, թե ինչու է Խաչատրյանի ասածն այդքան ցայտուն տարբերվում մարզպետ Ղուկասյանի ասածից։ Բացի այդ, նրա խոսքերը (ինչպեսև ավելի վաղ Ա.Քոչարյանի հայտարարությունը) նշանակում են, որ ավելի քան 30 տարի անց Հայաստանը վերադառնում է 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սահմանամերձ գյուղերը կանոնավոր բանակի բացակայության պայմաններում պաշտպանում էին տեղի աշխարհազորայինների ջոկատները։

Եթե իշխանությունները գիտակցում են, որ Տեղ գյուղը մշտապես գտնվում է զինված ագրեսիայի վտանգի տակ, ինչո՞ւ են այնտեղից հեռացնում բանակային ստորաբաժանումներն ու տեղակայում ընդամենը սահմանապահների։

Անցնենք առաջ. ելնելով Խաչատրյանի խոսքերից, ի հայտ է գալիս զենքի մատչելիության իրավական հիմնավորման հարցը։ Ինչո՞վ և ո՞ւմ կողմից է կարգավորվում դրա տրամադրումը քաղաքացիական բնակչությանը, ի՞նչ օրենքով կամ կառավարության ի՞նչ կարգադրությամբ՝ ի դեմս ՊՆ-ի կամ ԱԱԾ-ի: Ինչո՞վ է սպառնում նման մոտեցումը սահմանամերձ գյուղի պայմաններում։ Խաչատրյանն ինքը հասկանո՞ւմ է արդյոք, թե ինչի մասին է խոսում, թե՞ նման ելույթները հնչեցվում են միտումնավոր, որպեսզի սահմանամերձ շրջանում իրավական լիակատար քաոսի և կամայականության տպավորություն ստեղծվի մեկ կոնկրետ գյուղի օրինակով:

Այս ենթադրությունը հաստատում են նաև ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները Տեղում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի մասին։ Այսպես, «Հրապարակ» օրաթերթը երեկ գրել էր, որ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն իր թիմով սկսել է ոչ պակաս սպառնալիք ներկայացնել գյուղի բնակիչների համար, քան ադրբեջանական զինված ուժերը, համայնքում «բեսպրեդել» հաստատելով։ Թերթի տեղեկություններով՝ օրերս Ղուլունցի և համայնքի 23-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Արդյունքում երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա հարազատները հրաժարվում են խոսել այդ թեմայով։ Վախենո՞ւմ են:

Պարբերականը նշում է, որ Ղուլունցին աջակցում է նախկին մարզպետ, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որի որդին զբաղեցնում է մարզի դատախազի պաշտոնը: Մեջբերվում են նաև Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» ընդդիմադիր խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի խոսքերը, որը հայտարարել է, որ «Ղուլունցի մաֆիան» ծեծի է ենթարկել իրեն:

Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակվեց հոդված, որում Զեյնալյանը հայտնում է, որ ծեծը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղի մշակույթի տանը անցկացվող հանդիպման ժամանակ: Իսկ պատճառ է դարձել իր տված հարցը. «Օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Զեյնալյանը համարում է, որ ծեծը նախապես ծրագրված է եղել, քանի որ ինքը հաճախ է մամուլում պատմում, թե ինչ է կատարվում Տեղում: Նա պնդում է, որ համայնքի ղեկավարն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետը ներկա են եղել, սակայն միջադեպին չեն միջամտել: Սակայն Ղուլունցը, բնականաբար, հերքում է. ոչինչ, իբր, չի տեսել, ոչինչ չգիտի։

Ի՞նչ է ստացվում արդյունքում։ Ստացվում է, որ ռազմավարական առումով կարևորագույն Տեղ գյուղում ստեղծված իրավիճակն իրենից ներկայացնում է փաշինյանական Հայաստանը բնութագրող ամենի խտացյալ մարմնավորումը։ Այն ժամանակ, երբ բնակիչները հրաժարվում են լքել իրենց տները և պատրաստ են մինչև վերջ պաշտպանվել, իշխանություններն ամեն ինչ անում են այնտեղ փաստացի քաոս ու բարդակ սերմանելու համար, այդ թվում՝ զենքի վտանգավոր հարցում։ Լիակատար տպավորություն է, որ տեղի «մաֆիան», ի դեմս պաշտպանության վայ-նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի և նրա հարազատների (որդին մարզի դատախազն է, բացի այդ, Զեյնալյանը պնդում է, որ Ղուլունցը նրա ազգականն է), հստակ կատարում է ռեժիմի ծրագրերի իրականացմանը նպաստող պայմաններ գյուղում ստեղծելու վերաբերյալ Պապիկյան-Փաշինյանի ցուցումները։

Եվ արժե՞ արդյոք զարմանալ, եթե շուտով Տեղ համայնքում հայտնվեն 90-ականների սկզբի տխրահռչակ, բայց արդեն փաշինյանական թորվածքի «մաուզերիստներ», որոնց հիմնական նպատակը կլինի տեղի բնակիչների ահաբեկումը՝ հայրենի գյուղը լքել ստիպելու և դրանով իսկ թուրքերի առջև Նիկոլի պարտավորությունների կատարումը հեշտացնելու նպատակով։