«Washington Post»․ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ ԿԻԵՎԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԹՈՂՆԵԼ ԱՐՏՅՈՄՈՎՍԿԸ
ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է Արտյոմովսկում նրա զորքերի հնարավոր շրջափակման մասին և առաջարկել է թողնել այն։ Տեղեկությունը հայտնում է «Washington Post»-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության՝ համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերին:
«ԱՄՆ-ի գնահատականները մռայլ էին արդեն հունվարին` ըստ ԱՄՆ հետախուզության գաղտնի փաստաթղթերի։ Վաշինգտոնը Կիևին առաջարկել է կրճատել իր կորուստները և լքել քաղաքը»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթը գրում է, որ «հույժ գաղտնի» նշագրումով գնահատականում նախազգուշացվել է, որ Ռուսաստանի կայուն հաջողությունները սպառնալիքի տակ են դրել քաղաքը պահելու Ուկրաինայի կարողությունը, իսկ Ուկրաինայի զինված ուժերը հավանաբար շրջափակման սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե հաջորդ ամսվա ընթացքում չնահանջեն:
Պարբերականի տեղեկություններով՝ մեկ այլ փաստաթղթում մանրամասն քննարկվում են Կիևի կողմից նոր զինամթերքի, տեղեկատվական արշավների և հակահրթիռային տեխնոլոգիաների օգտագործման եղանակները, որպեսզի ապագա ծախսերն ընկնեն հակառակորդ կողմի վրա: Բացի այդ, Ուկրաինային առաջարկել են քայքայել ռուսական զորքերի մարտական ոգին, ինչպես նաև խորհուրդ են տվել հարվածներ հասցնել նրանց՝ օգտագործելով բարելավված սովորական երկակի նշանակության զինամթերք, այսինքն՝ հրետանու և «երկիր-օդ» դասի հրթիռների համադրություն՝ հարձակողական ալիքները հետ մղելու համար:
Հիշեցնենք` Պենտագոնը փորձում է պարզել, թե սոցիալական ցանցերում ինչպես են հայտնվել այն նյութերը, որոնցում նկարագրվում են ուկրաինական զորքերի վիճակը և Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կողմից դրանք ամրապնդելու ծրագրերը: Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը։
Այս գործով ապրիլի 13-ին ձերբակալել են ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի զինծառայող Ջեք Տեյշեյրային։ WP-ն պնդում է, որ Տեյշեյրան սկսել է գաղտնի փաստաթղթերը հրապարակել «Discord սերվերում» 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում:
Մոսկվայում չեն բացառում, որ ապատեղեկատվության նպատակային արտահոսք է տեղի ունեցել։ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հակամարտության կողմ է և, ըստ էության, Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում, որում կարող են նաև այդպիսի հնարքներ լինել: