Անդրեյ Կովաչև․ Բաքուն պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ
Ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը:
«Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում արտահայտեց վերջերս ընդունված բանաձևով, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, և Լաչինին միջանցքը պետք է անհապաղ բացվի հաղորդակցությունների վերականգնման համար, որպեսզի մարդիկ կարողանան անխափան երթևեկել երկու ուղղությամբ: ԵՄ-ն այս հարցում պատրաստ է նպաստել այդ գործընթացին՝ դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է՝ խուսափել հետագա արգեսիաներից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ»,- նշել է Կովաչևը:
Հարցին՝ սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել, Անդրեյ Կովաչևը պատասխանել է. «Ինչպես գիտեք, մեր հանձնակատարը վերջերս Հայաստանում էր, եվրոպական կառույցները փորձում են նպաստել թե՛ երկկողմ կապերի հաստատմանը, թե՛ սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների դյուրացմանը: Սա, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերը: Որևէ սադրիչ հայտարարություն չի կարող հանգեցնել դրական լուծման: Սահմանների հարցում կողմերը լուծման որոշակիություն մտցնելու կարիք ունեն, որպեսզի հետագայում խուսափեն նման սադրանքներից»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին սադրանքին, և այն փաստին, որ այդ անգամ ԵՄ դիտորդները ունեին ներկայություն, և հարցին՝ արդյո՞ք ինքը տեղյակ է առաքելության զեկույցներից, Անդրեյ Կովաչևը պատասխանել է. «Սա բավական նոր քաղաքացիական առաքելություն է, որը դեռևս Եվրախորհրդարանին չի տրամադրել որևէ զեկույց: Այսինքն՝ ես ներկա պահին առաջնորդվում եմ այդ սադրանքի մասին ստացված լուրերով: Սպասում եմ, որ շուտով դիտորդների կողմից կունենանք առաջին զեկույցը: Ողջունում եմ նաև այն, որ դիտորդական առաքելության կազմը ընդլայնվում է, որպեսզի սահմանների հնարավորինս տարբեր hատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ ավելի շատ փաստագրված տեղեկություն կարողանանք ստանալ»:
Անդրադառնալով նրան, որ Եվրախորհրդարանը Եվրոպական խորհրդին կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե դատարանի որոշումը անհապաղ չկատարի, և այն, որ բանաձևից անցել է 1 ամիս, սակայն մինչև օրս Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հարցին՝ պատժամիջոցների հարցն ի՞նչ մակարդակով է քննարկվում, Կովաչևն ասել է. «Եվրոպական խորհուրդն է պատասխանատու պատժամիջոցների քաղաքականության համար, սակայն առաջնայինը դիվանագիտական միջոցններն են: Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանին՝ ապաարգելափակել Լաչինի միջանցքը ու երաշխավորել մարդկանց ազատ տեղաշարժը և ապրանքների ազատ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա 2020 թվականին կնքված եռակողմ համաձայնագրի կարևոր դրույթներից է: Մենք, ցավոք, տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, և ՌԴ-ն որևէ պարագայում վստահելի գործընկեր չէ»:
Անդրադառնալով Հայաստանում եղած այն ահազանգերին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր ռազմական գործողությունների, հարցին՝ ԵՄ-ի արձագանքն ինչպիսի՞ն կլինի նման զարգացման դեպքում, Կովաչևն ասել է. «Ես պաշտոնական Բաքվից լսում եմ հայտարարություններ, որ նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին և սահմանազատման և սամանագծման գործընթացին: Սա է իրավիճակի հանգուցալուծման միակ խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհը: Մենք Եվրախորհրդարանում կոչ ենք արել՝ խուսափել ատելության խոսքից: ԵՄ-ն մտադիր է նպաստել խաղաղության գործընթացի հեշտացմանը, քանի որ սա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները համար խաղաղ միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, կարիերայի, սոցիալական բարգավաճման համար անհրաժեշտ գործոն է, ամենակարևորը՝ ազատ քաղաքացի լինելու և չվախենալու, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել»:
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների ճակատագրին՝ Կովաչևն ասել է. «Այս թեմային նվիրված ունենք հատուկ ընդունված բանաձև: Ընդունել ենք մեկ այլ բանաձև, որում կրկին կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, նույնը վերաբերում է Հայաստանին, եթե ադրբեջանցի գերիների հետ կապված նման դեպքեր լինեն: Սա միանշանակ անընդունելի է մեզ համար, և բոլոր մակարդակներում կրկնում ենք Ադրբեջանի իշխանություններին ուղղված այս կոչը»:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Կովաչևն ասել է. «Մեզ համար կարևոր է շարունակել այս սերտ գործընկերությունը: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին: Օրինակ՝ բավականին ներդրումներ են կատարվել դատական ոլորոտում բարեփոխումների նախագծերում և պետք է շարունակենք էլ ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ»:
News.am