ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «WORLD PRESS PHOTO 2023»-Ի «ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԱԽԱԳԻԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ»
Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը հաղթող է ճանաչվել «World Press Photo 2023»-ի «երկարաժամկետ նախագիծ անվանակարգում»։ Մրցանակները ստացել են Կենտրոնական Ասիայում ջրի սակավության մասին նրա «Battered Waters» նկարները VII Photo-ի և National Geographic Society-ի համար:
«Այն ժամանակ, երբ ես սկսեցի լուսանկարել այս նախագիծը Ղազախստանում, այն անուն չուներ, և ես քիչ էի պատկերացնում, թե ինչպես եմ դա անելու: Բայց Միրնի գյուղի այս խճանկարն ինձ տվեց այն սկիզբը, որը ես փնտրում էի։ Դա ինչ-որ կորած բանի խորհրդանիշ էր»,- իր Instagram-ում գրել է Բաբաջանյանը։
Անուշ Բաբաջանյանը լուսանկարիչ է, ում աշխատանքը կենտրոնացած է սոցիալական և անձնական պատմությունների վրա: Նա հանդիսանում է VII Photo Agency-ի և National Geographic-ի անդամ։
Բաբաջանյանն ավելի քան վեց տարի է, ինչ լուսանկարում է Լեռնային Ղարաբաղում և կադրերը հավաքել է իր «Անհանգիստ տուն» գրքում: Բացի Հարավային Կովկասի տարածաշրջանում իր աշխատանքից, Բաբաջանյանը լուսանկարում է Կենտրոնական Ասիայում, որտեղ աշխատում է բնապահպանական պատմությունների վրա:
2019 թվականին նա դարձել է Canon կանանց ֆոտոլրագրության դրամաշնորհի հաղթող։ Նրա լուսանկարները ցուցադրվել են The New York Times-ում, The Washington Post-ում, National Geographic-ում, Foreign Policy ամսագրում և այլ միջազգային հրատարակություններում: