ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՍԽԱԼ ՀԱՍԿԱՑԱՆ

Խորհրդարանը քննարկեց կառավարության տարեկան հաշվետվությունը և տեղեկացավ, թե ինչպես են ծախսվել հարկատուների գումարները: Քննարկումը լավատեսական էր, բոլորն արձանագրեցին, որ հայտնի միջադեպի ժամանակ, երբ մեր խրոխտ խոսնակը, իրեն զգալով շանթարձակ Զևս, վռնդեց ընդդիմությանը նիստերի դահլիճից (իհարկե, հսկիչների օգնությամբ), նա ընդ որում ոչ մի անգամ չթքեց: Նույնիսկ չնայած ընդդիմության կոշտ քննադատությանը կառավարության հասցեին։ Սա առաջընթաց է. թեկուզ դանդաղ, բայց ուղտի հաստատուն քայլերով առաջ է շարժվում հայկական ժողովրդավարությունը։

Կառավարության անցած տարվա գործունեության մասին վարչապետի հաշվետվությունից հետո նրան հարցեր ուղղելիս ընդդիմադիր պատգամավորները ուշադրությունը կենտրոնացրել էին հիմնականում անվտանգության խնդիրների վրա: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն ընդդիմությանը մեղադրում էին ժողովրդից կտրված լինելու մեջ, Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ընդդիմությունը երբեք չի դիմել ժողովրդին՝ ավելի շատ երեխաներ ունենալու կոչով: Իշխող թիմին ավելի շատ մտահոգում էին նաև այլ «երկրային» հարցեր. կովերի կաթնատվությունը, ասֆալտապատման խնդիրները։

Ի դեպ, վերջինի պարագայում պարզվեց, որ նույնիսկ այստեղ մեծ բացթողումներ կան։ Մասնավորապես, Կոռնիձորով և Տեղով դեպի Արցախ տանող ճանապարհը մինչ օրս վերջնականապես պատրաստ չէ։ Պատրաստ կլինի միայն մայիսի վերջին, խոստանում է տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ «Արդեն անցանելի է, մնում է ասֆալտապատել և ջրահեռացման համակարգը կառուցել»,- կրկին իսկ խրոխտ զեկուցեց նա խորհրդարանականներին: Բայց մի հարցնող լինի. ինչո՞վ էր զբաղված իր ղեկավարած կառույցը 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամբողջ երկու տարի։

Վարչապետը, իհարկե, մեծ հաճույքով էր պատասխանում էր կուսակից ընկերների հարցերին, որոնք նրան թույլ էին տալիս գիտելիքների լայն սպեկտր ցուցադրել ժողտնտեսության ոլորտում։ Այսպես, պարզվեց, որ վարչապետը շատ լավ գլուխ է հանում կովերից և տեղյակ է, որ կան արտասահմանյան կովեր, որոնք տասն անգամ ավելի շատ կաթ են տալիս, քան այն կովերը, որոնք հիմնականում շահագործվում են Հայաստանում։

Դրա հետ մեկտեղ՝ պարզվեց, որ անվտանգության և Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի հարցերից վարչապետն առանձնապես գլուխ չի հանում։ Անձամբ խոստովանեց, որ 2018-2020 թվականներին Ղարաբաղի հարցով ոչ մի բանակցություն չի վարել, «չի հասցրել»... Ճիշտ է, մոռացավ հավելել, որ բանակցելու փոխարեն կայտառ պարում էր Շուշիում։

... Իսկ հաջորդ օրը վարչապետը լրագրողներին կասի, թե Արցախում սխալ են հասկացել իր խոսքերն այն մասին, որ ինքը՝ Փաշինյանը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններով։ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները դա գնահատեցին որպես Հայաստանի վարչապետի կողմից Արցախի ճանաչում Ադրբեջանի մաս։ Եվ ոչ միայն Արցախի խորհրդարանականները այդպես գնահատեցին վարչապետի խոսքերը։ Արձագանքեց նաև Կաթողիկոսը՝ հայտարարելով, որ իրեն մտահոգում է խորացող անհաշտությունը, անհանդուրժողականության ոգին և այն փաստը, որ «Արցախի կարգավիճակի մասին կատարվում են սխալ և անընդունելի հայտարարություններ»:

«Պետք է չշտապել, ընդհակառակը՝ ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը: Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: …Մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության՝ պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը», - ընդգծեց Գարեգին Երկրորդը։

Բայց, կրկնենք, Փաշինյանն ասում է, թե իրեն նորից սխալ են հասկացել։ Նա, հավանաբար, իրավացի է: Կարծում ենք, վարչապետն իսկապես միանգամայն այլ բան է նկատի ունեցել. ընդամենը երեք լիտր կաթ տվող կովերին սարերով քշելու փոխարեն՝ պետք է պարզապես գնել քառասուն լիտր կաթ տվող կովեր։ Եվ այդժամ կերջանկանան և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Ադրբեջանը, և՛ ողջ տարածաշրջանը։

Հենց սա էլ, կարծում ենք, նկատի ուներ Փաշինյանը, խոսելով Խորհրդային Ադրբեջանի սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Եվ շատ վատ է, որ շրջափակված Արցախի խորհրդարանը և նույնիսկ ինքը՝ Կաթողիկոսը, կրկին սխալ են հասկացել իրեն՝ Փաշինյանին։