Գրիշա Հովհաննիսյան՝ հիվանդներին տեղափոխելն անհնար է դարձել

Շուշիի շրջանի չորս գյուղեր՝ Հին Շենը, Մեծ Շենը, Լիսագորն ու Եղցահողն ապրիլի 23-ից լիակատար շրջափակման մեջ են։ Եթե դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո կտրվել էր այդ գյուղերի կապն Արցախի մնացած հատվածի հետ, և սնունդ, դեղորայք ու առաջին անհրաժեշտության պարագաներ այդ գյուղերի բնակիչները ձեռք էին բերում Գորիսից կամ Սյունիքի մարզի այլ բնակավայրերից, ապա ապրիլի 23-ից կտրված է նաև Սյունիքի հետ կապը։ Ամբողջությամբ օղակի մեջ են առնված չորս գյուղերը։

«Մի քանի օր կկարողանան յոլա գնալ եղած պաշարներով, բայց երկար չեն կարող։ Հասկանալի է, որ պահեստավորածն էլ անսպառ չէ։ Բայց ամենամեծ խնդիրը հիվանդների հետ է կապված։ Չգիտենք՝ անհրաժեշտության դեպքում շտապօգնության մեքենան ոնց է տեղ հասնելու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։

Հույս հայտնելով, որ արագ կապամոնտաժվի Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետը՝ Հովհաննիսյանը նշեց «Չգիտեմ՝ ինչն են ստուգելու, ինչու են դրել այդտեղ անցակետ, բայց պիտի հանվի։ Եթե երկար ձգվեց այս վիճակը, ապա սնունդն էլ, ամեն ինչն էլ մնում է՝ խաղաղապահների միջոցով կազմակերպվի, մինչև տեսնենք՝ ինչ ենք անում։ Փաստացի, այս չորս գյուղերը ո՛չ դեպի Արցախ, ո՛չ էլ դեպի Հայաստան մուտք չունեն որևէ այլ ճանապարհ՝ այդ կամուրջը շրջանցող, չկա»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ևս մեկ դրույթ, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի վրա։ Դա այն հատվածն է, որտեղ միանում են Արցախը Հայաստանին կապող բոլոր ճանապարհները՝ այդ թվում Բերձորը շրջանցող գրունտային ճանապարհը։

Փաստինֆո