ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԻ» ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սննդի հայթայթման համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը:
ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ շարունակում է մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում: Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, տարիների գործընկերներն Արարատի մարզում կարևոր ծրագիր են իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաներով «էլեկտրական հովիվներ» են տրամադրել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքին: Դա կօգնի կանխել ֆերմերային տնտեսություններին հասցվող վնասը:
«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության ոլորտում: Դա բազմիցս ապացուցվել է տարբեր նախագծերով: Դասական բիզնեսից այն կողմ, իրականացնում ենք նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր և ձգտում, որպեսզի այն ամենն ինչ անում ենք, կապված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման հետ: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլև ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձևավորմանը: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե մարդիկ ինպես պետք է հոգ տանեն այն ամենի մասին, ինչ անում են, զարգացնում են, և թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
««էլեկտրական հովվի» արդյունավետությունը չափելի կլինի այն ժամանակ, երբ գյուղացին պատշաճ կերպով ապահովի դրա օգտագործման տեխնիկական մասը՝ ճիշտ ամրացնի, միացումներ տա ու ստուգի լարումները: Այս ամենը մենք նրանց ևս սովորեցնելու ենք», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նվիրաբերված «Էլեկտրական հովիվները» հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:
«Էլեկտրական հովիվ» օգտագործող ֆերմերը կարող է նաև 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից,գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից: