ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ ՍՊԱՆԵՑ ՀՂԻ ՍՈՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ: ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ԹԵ ԱՄԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՑ Է

Խաչմերուկ մտնելիս 108 կմ/ժամ արագությունը սպանության հավաստի ճանապարհն է

2022 թվականի ապրիլի 26-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Լեոյի և Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան 108 կմ/ժ արագությամբ սլացող մեքենան վրաերթի ենթարկեց 28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին: Ղեկին ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանն էր։

Վրաերթի ենթարկված կնոջը օգնություն չցուցաբերվեց, ավտոշարասյունը, մի պահ արգելակելով, շարունակեց սլանալ Երևանի փողոցներով: Օգոստոսին գործի քննությունը մտավ եզրափակիչ փուլ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հաղորդեց լրատվամիջոցներին, որ ստացվել են լրացուցիչ փորձաքննության տվյալները, որոնք ոչինչ չեն փոխել. վրաերթը տեղի է ունեցել վարորդի մեղքով: Արագությունը թույլ չի տվել խուսափել վրաերթից, խաչմերուկ մտնելիս 108 կմ/ժամ արագությունը սպանության հավաստի ճանապարհն է։

Կա հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգի մասին կառավարության որոշումը, ըստ որի՝ ոստիկանական ուղեկցող մեքենաների համար թույլատրելի է ժամում 100 կմ արագությունը, այն էլ ոչ միշտ, միայն հաշվի առնելով ճանապարհի բնույթն ու ռելիեֆը: Օգոստոսի դրությամբ Նավասարդյանն ազատության մեջ էր, թեև նրան մեղադրանք էր ներկայացվել։

Վրաերթի փաստով քրեական գործ հարուցվեց Քր.օր.-ի 242 (2-րդ մաս) և 244 (1-ին մաս) հոդվածներով: Խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին էր, ինչն անզգուշության արդյունքում հանգեցրել է մարդու մահվան, ինչպես նաև այն մասին, որ վրաերթի մեղավորը լքել է հանցանքի վայրը: Ի դեպ, ի սկզբանե Նավասարդյանին մեղադրանք չէր ներկայացվել վրաերթի վայրը լքելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել չբացակայելու ստորագրությունը: 244-րդ հոդվածով (1-ին մաս) մեղադրանքն առաջադրվեց ավելի ուշ: Մայիսի 12-ից հետո նրան կրկին ձերբակալեցին՝ դեպքի վայրը լքելու համար մեղադրանք ներկայացնելու համար, ընդ որում դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը։

244-րդ հոդվածով (1-ին մաս) մեղադրանքը ներկայացվեց հասարակական մեծ արձագանքի արդյունքում: Մայրաքաղաքի բնակիչներն ու լրատվամիջոցները վրդովված էին այն փաստից, որ ուղեկցողներն ու անձամբ Փաշինյանը օգնություն չեն ցուցաբերել հղի կնոջը՝ թողնելով նրան մահանալու ասֆալտին ընկած:

Քրեական գործից անհետացել են ուղեկցող մեքենաների միջև բանակցությունների ձայնագրությունները

Մեկ տարի առաջ ԶԼՄ-ների հրապարակումներում մատնանշվում էր, որ վարորդը և էսկորտի մյուս անդամներն իրենց պահել են այնպես, ինչպես հրահանգել է Փաշինյանը։ Վրաերթից հետո մեքենան կանգ է առել, իսկ հետո շարունակել ճամփան։ Ավելի ուշ զոհվածի ծնողները տեղեկացրեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ քրեական գործից անհետացել են Նիկոլի և էսկորտի մյուս անդամների միջև խոսակցությունների ձայնագրությունները: Իհարկե, դրանց կորուստը պատահական չէր, քանզի հրապարակման արդյունքում ժողովուրդը կարող էր անչափ հետաքրքիր բաներ իմանալ ռեժիմի պարագլխի անձնական հատկանիշների մասին։ Էսկորտի անդամները ենթարկվում էին Փաշինյանին, ակնհայտ է, որ առաջին օգնություն չցուցաբերելու հրամանը կարող էր բխել միայն նրանից, ուստի Նավասարդյանի հետ մեկտեղ մեղադրյալի աթոռին պետք է նստեր ռեժիմի պարագլուխը։

ԱՅՆ, ՈՐ 5 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴԱՐ ԴԱՏԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԻԿ, ՀԱՆՐԱՀԱՅՏ Է։ Բավական է հիշել Տրդատ Սարգսյանին, որը Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում հաշվեհարդարի էր հրահրում փոխգնդապետ Արա Մխիթարյանի դեմ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաման տվեց դաժան ծեծի ենթարկել Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին, Փաշինյանը հրամայեց չօգնել վրաերթի ենթարկված կնոջը, այլ շարունակել ճանապարհը։ Սոնայի մահվանը հանգեցրած հանցագործությունը եզակի է իր ցինիզմով։ Այդ ողբերգական դեպքից անցել է մեկ տարի, իսկ մենք դեռ շարունակում ենք ապրել մի պետությունում, որտեղ շարքային քաղաքացիների իրավունքների ոտնահարումը իշխանության բարձունքում գտնվող մարդկանց և ոստիկանական ուսադիրներով նրանց հաճկատարների կյանքի նորմն է։

Ամեն իշխանություն Աստծուց է, իսկ Նիկոլի իշխանությունը...

Ազատ գյուղում տեղի ունեցած իրադարձությունները լրացուցիչ հավաստումն էին այն փաստի, որ քաղաքացիների ապրելու իրավունքը մեր երկրում երաշխավորված չէ. 15 զինվորներ ողջ-ողջ այրվեցին դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը ապրիլի 21-ին հրաժարվեցին հանդիպել նրանց ծնողների հետ, որոնք ցանկանում էին սեփական կասկածները հայտնել իրենց երեխաների մահվան պաշտոնապես հայտարարված պատճառների վերաբերյալ:

Այն մասին, որ Փաշինյանի կառավարման տարիներին խաղաղ պայմաններում բանակում զոհվածների թիվը կրկնապատիկ աճել է, ԶԼՄ-ները տեղեկացնում են կանոնավորապես, նրանց գումարվել են ադրբեջանական զավթիչների դիրքերից արձակված կրակոցներից զոհվածները և մարտական դիրքերի ոչ պատշաճ կարգավորման հետևանքով մահացության վիճակագրությունը։

Վերջին դեպքը տեղի ունեցավ Տեղ համայնքում ապրիլի 11-ին։ Չորս հայ զինվորների կյանք խլած փոխհրաձգությունից դեռ շատ առաջ բազմաթիվ նախազգուշացումներ կային, որ Բերձորը հանձնելուց հետո հակառակորդը կհասնի Տեղ համայնք։ Բայց Փաշինյանի կառավարությունն այդ հատվածում պաշտպանական շինություններ չկառուցեց զինվորների կյանքը փրկելու համար։ Զինվորներին մեծ ուշացումով ուղարկեցին դիրք կառուցելու այդ ժամանակ սահմանի մի քանի հատվածներում արդեն խորացած ադրբեջանցիների գնդակոծության տակ։ Չորս զինվորների մահն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։ Այսօր Հայաստանի քաղաքացիներն իրենց պաշտպանված չեն զգում, կառավարման համակարգում քաոս է տիրում, իսկ իրավակարգի ուժերը պաշտպանում են միայն մեկ մարդու և նրա ընտանիքին: Հանցավորության կորագիծը անշեղորեն աճում է դեպի վեր, ոչ ոք չի զբաղվում հանցագործությունների կանխարգելմամբ…

Ռեժիմը զրկել է Հայաստանի քաղաքացիներին ապրելու իրավունքից, պատահական չէ, որ Փաշինյանի ռեժիմն անվանում են մահաբեր։ 5 տարվա ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ընդ որում նրանց մեծամասնությունը՝ իշխող վերնախավի մեղքով, որը հարկ չհամարեց կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ, փակուղի մտցրեց կարգավորման շուրջ բանակցությունները՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի լեգիտիմ հնարավորություն տալով Ալիևին, բացեց Սյունիքի դարպասները, թույլ տվեց մի քանի մարզերի սողացող բռնազավթումը, իսկ այժմ վտանգի տակ է դնում 120 հազար արցախահայության կյանքը, պատրաստվելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Սոնայի ողբերգական մահվան տարելիցը մենք նշում ենք այն պայմաններում, երբ Փաշինյանը փորձում է արդեն երրորդ պատերազմը պարտադրել ժողովրդին, որպեսզի դրա արդյունքներով «խաղաղության համաձայնագիր» ստորագրի Ալիևի հետ, այսինքն գնա երկրորդ կապիտուլյացիայի, որից հետո կրկին կստի, թե տասնյակ հազարավոր հայկական կյանքեր է փրկել։

Անթիվ մահերի խորապատկերին Պողոս առաքյալի այն խոսքերի մեջբերումը, որ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, երկրի ամենաբարձր ամբիոնից հնչեցված բացահայտ ծաղր է ժողովրդի նկատմամբ։ Փաշինյանն ընթերցեց դա որպես խրատ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետին։ «Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»։ Այս օրվա՛ն էլ հասանք։ Մարդկությունը վաղուց համոզվել է իր սեփական փորձով, որ այն իշխանությունը, որն Աստծուց է, բարիք է գործում, իսկ այն, ինչ անում է ներկայիս ռեժիմը, նրանից է, ում կոչում են խավարի իշխան, չար ոգի, Լյուցիֆեր, Վոլանդ, դև և այլն:

Հիշեցնեմ, որ վարչապետի պաշտոնում Նիկոլը հրաման տվեց ԱԱԾ-ին «վերծանել» նրա կոդը, ով փորձությունների ենթարկեց Քրիստոսին, երբ մկրտվելուց հետո Տերը հեռացավ անապատ, որտեղ 40 օր աղոթեց և ծոմ պահեց: Քրիստոսն անցավ 3 փորձությունների միջով, որոնցից վերջինը Սուրբ Գրքում նկարագրված է այսպես. «Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում որ կամենամ, կտամ այն։ Արդ, եթե դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կլինի»։ Հիսուս պատասխանեց նրան և ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես»։ 

Հայ Եկեղեցին այդպես էլ վարվում է, և դա դուր չի գալիս դևին ու իր ծառայանուն. հենց նրանց, ում պատկերում են պոզավոր ու պոչավոր։

 Վերադառնալով 2022թ. ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած հանցագործությանը՝ ուզում եմ հավելել, որ մեղավորներին սպասում է ոչ միայն Աստծո դատաստանը: Նա, ում իշխանությունը սատանայից է, երկրի վրա էլ պիտի պատասխան տա կործանած յուրաքանչյուր կյանքի համար