ՈՒՐԵՄՆ Ե՞ՐԲ ԵՆ, ԱՍՈՒՄ ԵՔ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆԱՏՕ

«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր դաշնակից երկրները պայմանավորվել են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ»,- աչքերը սպառնալից փայլեցնելով ակնոցի բեկված լույսի տակ՝ հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դա ասվեց ապրիլի 21-ին, Կիև կատարած նրա հանկարծակի այցից հաշված ժամեր անց և գերմանական Ռամշտայնում ԱՄՆ ՌՕՈՒ-ի ռազմակայանում Ուկրաինայի հարցերով շփման խմբի հանդիպումից առաջ։

ՃԻՇՏ Է, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՊՉՈՒՆ ՀԱՐՑԵՐԻՆ, թե կոնկրետ ե՞րբ են Ուկրաինային ընդունելու դաշինքի լիիրավ անդամ, պարոն Ստոլտենբերգը ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել. ծմծմում էր, ամեն կերպ խույս տալիս և անընդհատ  շեղում խոսակցությունը Ռուսաստանի դեմ Կիևին սպառազինության ընթացիկ մատակարարումների և օգնության նոր ծրագրերի թեմայի վրա։ Իսկ երբ նրան վերջապես պարզ դարձավ, որ անիծյալ լրագրողները ոչ մի կերպ պոկ չեն գա, մինչև որ կոնկրետության պես մի բան չկորզեն իրենից, գլուխը պրծացրեց՝ ասելով, թե իբր. Ուկրաինային դաշինք կընդունենք պատերազմի ավարտից, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսաստանի նկատմամբ նրա հաղթանակից հետո։

Եզակի տրամաբանություն է, այնպես չէ՞։ Նույնն է, թե բժիշկն ասի. հիվանդին պատվաստանյութ կներարկենք այն ժամանակ, երբ ինքը բուժվի հիվանդությունից։ Այսինքն, պարոն Ստոլտենբերգի և իր գլխավորած նատոյական նոմենկլատուրայի կարծիքով, Ուկրաինան ի վիճակի է մենակ, թեկուզև արևմտյան մարտավարական զենք-զինամթերքի, փողերի և խորհրդատուների օգնությամբ, հաղթե՞լ միջուկային հսկային՝ Ռուսաստանին։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ սահմանագծի վրա կգրանցվի ուկրաինական հաղթանակը։ Երբ որ գրավի Սևաստոպո՞լը։ Մոսկվա՞ն։ Կամ գուցե երբ Կամչա՞տկան նվաճվի հօգուտ Կիևի։ Դրանից հետո, ներեցեք, ՆԱՏՕ մտնելը պե՞տք է Ուկրաինային։

Դժվար թե նույնպիսի մտքեր չեն ծվատում իր՝ Զելենսկու հոգին։ Քանզի Ստոլտենբերգի հետ կիևյան հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Ալեքսանդրովիչը ճիշտ ինչպես կպչուն լրագրողները Ռամշտայնում, գլխավոր քարտուղարին համբերությունից հանում էր մեկ հարցով. «ե՞րբ»։ Սակայն այդ հարցի պատասխանը կյանքի չափ պետք էր պարոն Զելենսկուն բնավ ոչ հանուն լրագրային սենսացիայի, այլ որ գոնե մի քիչ սիրտ տա ժողովրդին և իր փառապանծ գեներալներն էլ վեր տնկեն ճակատի կախված մազափունջը։

Բայց պարոն Ստոլտենբերգը իսկական վիկինգի տոկունությամբ մնաց անհողդողդ և կիևյան հանդիպումների արդյունքներով մանրախնդիր հստակությամբ Զելենսկու և լրագրողների երեսին նետեց հետևյալը. պետք է, «որ Ուկրաինան հաղթի, քանի որ դա է Ուկրաինայի ապագա անդամության վերաբերյալ իմաստալից քննարկում վարելու միակ ճանապարհը»։

Ավելի պարզ ասած, ՆԱՏՕ-ական բյուրոկրատիան իր ուկրաինացի դաշնակիցների քթի առաջ կրկին կախեց  այն նույն գազարը, որին հասնելու անհուսալի ջանքերով հանրահայտ համակրելի կենդանին գնում է հանձնարարված ճանապարհով։ Իսկ եթե մի կողմ թողնենք հեգնանքը, ապա Ուկրաինային կրկին առաջարկում են ըստ էության դադաղ, բայց հաստատուն ինքնաոչնչանալ, ավերվել, մոխրանալ, երկարաձգել իր գենետիկ ներուժի և ժողովրդագրության սպառման գործընթացը մինչև աղետալի սահմանագիծ։

ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԻՄՆԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՓՈՒՉ ՈՒ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ։ Այսինքն՝ պաշտպանելու այն, ինչն ապագայում գոյություն չի ունենալու։ Այդ իսկ պատճառով Չեխիայի նախագահ Պետր Պավելի վերապահումը, երբ պատասխանում էր լրագրողի այն հարցին, թե Ուկրաինային դաշինք ընդունելու վերաբերյալ կոնսենսուս կա՞ արդյոք ՆԱՏՕ-ի անդամների միջև, հնչեց որպես դատավճիռ. «Կոնսենսուս կա, Ուկրաինան անպայման կընդունվի ՆԱՏՕ,- սկզբում վստահ հայտարարեց պարոն Պավելը, իսկ հետո հեգնալից ժպտալով ու թոթվելով ուսերը՝ հավելեց,- եթե, իհարկե, մինչ այդ  նրանից ինչ-որ բան մնացած լինի»։

Ուկրաինայի առումով ավելացնելու բան չունենք։ Սակայն պետք է մի երկու բառ ասել մեր՝ հայկական իրականության մասին։

Հայոց արևմտամետնե՛ր և «նատօյասերնե՛ր»,  ձեզ եմ դիմում..

Դե, ուրեմն ի՞նչ պիտի անեք դաշինքի մասին ձեր երազանքների հետ։ Դատելով ամենից, մեզ դժվար թե վերցնեն այնտեղ, թեև երդում-պատառով հավաստիացնում եք հակառակը, պնդելով,  թե դրա համար պահանջվում է  ընդամենը հրաժարվել ՀԱՊԿ անդամությունից։ Բայց մեզ առհասարակ չեն ընդունի այնտեղ ոչ մի պայմանով։

Ինչո՞վ ենք մենք, խոսքի օրինակ, ավելի լավը  ուկրաինացիներից ու վրացիներից։ Առաջիններին ասացին՝ հաղթեք Ռուսաստանին, այնժամ բարի գալուստ։ Երկրորդներին հայտարարեցին՝ վերականգնեք ձեր տարածքային ամբողջականությունը, ռուսներից հետ խլեք Աբխազիան ու Հարավային Օսիան, և բարով գաք։ Իսկ մեզ հանուն անդամության կառաջարկեն Թուրքիայից ու Ադրբեջանից հետ նվաճել Սյունիքը, գուցեև Տավուշն ու Վարդենիսը, որոնք մինչ այդ Փաշինյանը ամբողջովին ու լիովին նվիրած կլինի իր տերերին։

Եվ ընդ որում խոր հոգոց կհանեն. իբր՝  ոչինչ չենք կարող անել, ողջ մեղավորը ՆԱՏՕ-ի կանոնադրության չարաբաստիկ հինգերորդ հոդվածն է,  որը պետք է սրբորեն կատարել…