ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՎԻՆՅԱՆԻ և ՍԵՓԱԿԱՆ ԽՆԱՄՈՒ. Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԵՐևԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Տիգրան Ավինյանի դեմ, ավելին՝ սեփական թեկնածուն է ունենալու Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Նշվում է, որ թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն ու հորդորել փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն այլ բան են ասում։

Հիշեցնենք, որ Ավինյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը և հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։

«Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց»,–գրում է թերթը: