ԱՅՍՕՐ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ. քաղաքագետ
Միակ բանը, որ հիմա ռուսները կարող են անել, Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ քաղաքական ճնշում գործադրելն է. Պուտինը կարող է խոսել Ալիեւի հետ, ինչ-որ ճնշում գործադրել, ինչ-որ սպառնալիքներ տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Բայց ցավն այն է, որ ադրբեջանցիները գիտեն իրերի դրությունը: Նրանք ռեալ են մտածում, մեզ պես բամբասանքներով չեն զբաղվում: Իրենք ԱԳ նախկին նախարարն ասաց՝ Ռուսաստանը հիմա թույլ է: Ես նրանց ավելի շատ եմ հարգում, քան մեր որոշ մեկնաբանների: Նրանք հասկանում են, որ էս աշխարհում հարցը ուժով է լուծվում: Մեկ տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց Ուկրաինայում, ես ասացի՝ հարձակում սպասեք Ադրբեջանի կողմից, եւ այդպես էլ եղավ: Իհարկե, այսօր ռուսները չեն կարող պատերազմ սկսել մեզ համար, այն էլ այն դեպքում, որ ունենք հակառուսական կառավարություն, որը կողքից ձեռքերը նստած նայում է եւ ասում՝ գնացեք սա արեք մեզ համար, նա արեք, եթե չանեք, մենք կասենք, որ դուք լավը չեք: Սա ծիծաղելի իրավիճակ է»,-ասաց նա:
Խաչիկյանի խոսքով, Արեւմուտքը եթե ուզենար, եթե մենք կարեւոր լինեինք իր համար, կարող էր միգուցե ինչ-որ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, բայց դա էլ չի անում. «Մենք ոչ մի կողմին ենք պետք, ոչ մյուս կողմին: Մենք ոչ մի լծակ չունենք: Մեզ մոտ մի կառավարություն եկավ, որ դիվանագիտությունը տապալեց, մենք որեւէ մեկին որեւէ բան առաջարկել չենք կարող: Նախկինները շատ մեղքեր ունեցել են, բայց իրենց արտաքին քաղաքականությունը այսպես չէր, մենք լավ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, Ռուսաստանն ապահովում էր մեր անվտանգությունը, եւ մենք լավ հարաբերություններ ունեինք Արեւմուտքի հետ: Հիմա ոչ մեկը կա, ոչ մյուսը»,-ասաց Խաչիկյանը:
News.am