Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը խոսել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք ոչ միայն բարձր մակարդակի վրա են, այլև, իր կարծիքով, զարգանալու պոտենցիալ ունեն։

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահին, Ձեզ, կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկացվում է մեր տարածաշրջանի խնդիրներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ առկա ճգնաժամին»,– ասել է վարչապետ Փաշինյանն ու հավելել, որ ուրախ կլինի լսել նրա գնահատականները մեր տարածաշրջանի վիճակի մասին։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույններն ու հիշեցրել` Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է։ Նա շեշտել է, որ Ֆրանսիային մեր երկրի հետ շատ բաներ են կապում:

«Ցանկանում եմ անձամբ ևս մեկ անգամ ասել՝ մենք Ձեր կողքին ենք այն բարեփոխումների, ջանքերի, աշխատանքի ժամանակ, որ վարում եք, նաև Ձեր կողքին ենք արդար և կայուն խաղաղության որոնումներում»,– շեշտել է նախարար Կոլոննան։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման անհապաղ իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը:

«Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն ու Կոլոննան քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը։

Կարևորել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը` տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման համատեքստում։