ՓՈՔՐ ՎԵԴԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՆՏԵՍԻ ՇՈՒՐՋ 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Փոքր Վեդին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերից մեկն է, որը գտնվում է զբոսաշրջային ակտիվ երթուղու՝ Խոր Վիրապ տանող միջպետական մայրուղու վրա։

 ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԳՅՈՒՂ ՄՏՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԹՆՇԱՂԻՑ հետո հայտնվել է խավարում՝ խնդիրներ ստեղծելով վարորդների ու հետիոտների համար: Իսկ բնակավայրում եղած լուսավորության հին համակարգը գործել է գազային ու շիկացման լամպերով, եղել ոչ արդյունավետ ու շատ ծախսատար։ Համայնքը մեծ գումարներ է ներդրել լամպերը փոխելու համար։  Նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում Փոքր Վեդիում խնդիրն արդեն լուծվել է: Ավելին՝ տարեկան կտնտեսվի շուրջ 1 միլիոն դրամ: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր են իրականացրել այս գյուղում:

Տարիների գործընկերները հավատարիմ են մնում մարզերն ուշադրության կենտրոնում պահելու որդեգրած սկզբունքներին: Փոքր Վեդիում  արտաքին լուսավորության արդիականացված համակարգի համար տեղակայվել են 100 վատտ հզորությամբ  էներգախնայող ԼԵԴ լուսարձակներ։ Լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհ՝ գյուղի գլխավոր փողոցն ու  գյուղ մտնող հատվածը, ինչի նպատակով չորս հենասյան վրա տեղադրվել են լուսարձակներ:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչները։

 «Առհասարակ, բոլոր երկրներում զարգացման լոկոմոտիվը հիմնականում մայրաքաղաքն է: Դա բնական է, սակայն հարկավոր է խուսափել բոլոր ծրագրերը մի տեղ կենտրոնացնելու և մայրաքաղաք-պետություն կառուցելու գայթակղությունից: Մարզերի համաչափ զարգացումը նույնքան կարևոր և լուրջ մարտահրավեր է: Վիվա-ՄՏՍ-ի կառավարման մոդելում էական տեղ է հատկացվում պատասխանատու մոտեցմանը: Տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքներ զարգացնելը բխում է այդ տրամաբանությունից: Մեր ծրագրերի շնորհիվ Հայաստանում տարեցտարի ավելանում է էներգախնայող համակարգից օգտվող գյուղերի թիվը: Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրական պայման է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վեդի խոշորացված ու սահմանամերձ համայնքը, մոտ գտնվելով Հայաստանի ամենակարևոր բնապահպանական տարածքներին, մեր գործընկերության թիրախում է։ Դա ենթադրում է, որ մոտ ապագայում այստեղ զարգացման տարբեր ծրագրեր ու ներդրումներ ենք անելու», - ասել է FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների գործարկման համար, համադրելով տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտների նորարարական մոտեցումները, Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն պարբերաբար խոշոր ծրագրեր են իրականացնում  սահմանապահ, ինչպես նաև հեռավոր համայնքներում: Միայն 2022 թվականին, Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ: