ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ. «Հրապարակ»

Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի կալանավորման մասին միջնորդությունը ՀՀ դատախազությունը հետ է կանչել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Այսինքն՝ այս պահին դատախազությունը նախկին ռեկտորին կալանավորելու մտադրությունից հետ է կանգնել»,– գրված է թերթում։

Նշենք, որ ապրիլի 6-ին դատարանի դահլիճում 71-ամյա Միքայել Նարիմանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան ծանր վիճակով տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ։

Հիշեցնենք, որ Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար: Այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև համալսարանի արհմիության ղեկավարն ու ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Գործը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների համար Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ և կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրենությանը։

2017-ից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել էր, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, և ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։