«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
«Փաստ» թերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ իշխող ուժը սեփական վարկանիշը փրկելու նպատակով դիմել է մարզային «շրջագայությունների» օգնությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի է գործուղել թիմի ներկայացուցիչներին։ Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, չնայած կարճ ժամանակահատվածին, Նիկոլ Փաշինյանը որոշակի «եզրահանգումներ» է կատարել. կարճ ասած՝ նրան այդ այցերի արդյունքներն ընդհանրապես դուր չեն եկել, ավելին՝ լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսացել:
Ավելին, նրան զեկուցվել է, որ տեղերում քպականներին շատ վատ են ընդունում, և թեպետ վերջիններս ցույց են տալիս, թե «ընտիր հանդիպումներ» են ունենում, պարզվում է, որ հիմնականում հանդիպում են սեփական թիմի անդամներին: Հենց դրանով պայմանավորված՝ Փաշինյանն ինքն է որոշել անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը նման քայլի է գնում, քանի որ իրեն ներկայացված սոցհարցումների տվյալները խոսում են վարկանիշի լրջագույն՝ գրեթե անփրկելի անկման մասին։ Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաև, որ իշխող թիմի ներսում նույնպես լուրջ անհանգստություններ ու մտահոգություններ կան հնարավոր կտրուկ ու շրջադարձային զարգացումների հետ կապված։ Ավելին, մի շարք քպականներ այդ մասին նաև բարձրաձայնել են «նեղ շրջանակում» ։
Այս ամենի կոնտեքստում հետաքրքիր է օրերս տարածված տեղեկությունը ՔՊ-ի՝ հունիսին Դիլիջանում սպասվող քաղաքական համաժողովի մասին։ Մեր իշխանական աղբյուրը փոխանցում է, որ սա Փաշինյանի կողմից ներթիմային հանգստություն ապահովելու հնարք է, որով փորձում է ցույց տալ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է և անհանգստանալու, առավել ևս մտահոգվելու ոչ մի առիթ չկա»։
Այսօր