ԵՐևԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՄԱՍՈՎ. Քաղաքագետ
Պաշտոնական Երևանն ու Բաքուն վերջնական քայլերն են ձեռնարկում, որպեսզի առհասարակ ոչնչացնեն Լեռնային Ղարաբաղի մասով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դրանից հետո տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների երկկողմ հանդիպումը։
«Այդ հայտարարությամբ ֆիքսվել էին այն իրողությունները, որոնք առկա էին գետնի վրա, այսինքն` տեղի էր ունեցել նոր ռազմաքաղաքական բալանսի ֆիքսում։ Այդ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ պաշտոնական Բաքուն սկսեցին սաբոտաժի ենթարկել այդ փաստաթուղթը։ Օրինակ` Երևանը նշվածից ավելի շատ տարածքներ զիջեց Ադրբեջանին։ Համաձայնագրով նշված էր, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ իրենք եղել են հրադադարը հայտարարելու պահին։ Համաձայնագրում նշված էր նաև, որ Ադրբեջանը պետք է վերադարձներ գերիներին, ինչը չի արել, կոմունիկացիաների ապաշրջափակում պետք է տեղի ունենար, դելիմիտացիա, դեմարկացիա արվեր և այլն»,– ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ` այդ համաձայնագրում 2 կարևոր դրույթ է եղել։ Մասնավորապես առկա էր Լաչինի միջանցք ասվածը, այն պետք է վերահսկեր ռուսական խաղաղապահ զորախումբը, իսկ մյուս դեպքում` Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկար։ Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց Ռուսաստանի դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել են ՌԴ պաշտոնյաները` հարցի լուծումը կողմերը (Երևանը և Բաքուն) թողնում են հետագա սերունդներին։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից, կոմունիկացիաների ապաշրջափակումից հետո տարածաշրջանում հնարավոր կլինի կառավարել կոնֆլիկտը և կողմերի միջև խաղի հստակ ու փոխըմբռնելի կանոններ հաստատել։ Հենց դրանից հետո նա կդադարի պաշտոնական Մոսկվայի համար միակ ընդունելի քաղաքական գործընկերը լինել։ Նա գիտակցեց այդ սպառնալիքները և բանակցային գործընթացը Ռուսաստանից տեղափոխեց արևմտյան հարթակ»,– նշեց Մաթևոսյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի նմանատիպ դիրքորոշումը ձեռնտու է Բաքվին, քանի որ պատերազմում հաղթած կողմը միշտ դիվանագիտական ասպարեզում առավելություն ունի։ Բացի դրանից, ՌԴ խաղաղապահ զորակազմն Ադրբեջանի համար միակ խանգարող հանգամանքն է Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ զավթելու համար։ Փորձագետը հիշեցրեց, որ Երևանն արևմտյան հարթակում` Պրահայում, արդեն համաձայնել է Լեռնային Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով` երբ ստատուս քվոյի վերափոխումը ստորագրված փաստաթղթի տեսք կստանա, իսկ Հայաստանը կփոխի աշխարհաքաղաքական կուրսը և կֆիքսի թղթի վրա, ապա նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժը կկորցնի։
«Բոլոր գործընթացները տարբեր հարթակներում միտված են հենց դրան։ Եթե Բաքվի համար սա ձեռնտու է, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ստեղծվում են նոր ու լուրջ սպառնալիքներ։ Խոսել այն մասին, որ որևէ փաստաթուղթ կարող է հայանպաստ լինել, ուղղակի ինքնախաբեություն է»,– ասաց Մաթևոսյանը։