5 ՏԱՐԻ ԱՆՑ ՍԵՐԺԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ

Երրորդ նախագահի հաշվեհամարները կալանքի տակ են, նա ստանում է կենսաթոշակի լոկ մի մասը…

«Ես հիմա մի բան կասեմ, որը երկար քննարկման առարկա կդառնա...», «Ես հիմա մի գաղտնիք կբացեմ, և դուք ամեն ինչ կհասկանաք...», «Ես կասեմ մի բան, որի համար ինձ նորից կքննադատեն...»: Ռեժիմի պարագլուխը ռեկորդային կարճ ժամանակահատվածում անցավ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելուց մինչև այն հայտարարությունն ընկած ճամփան, թե իր իշխանությունը Աստծուց է։ Մնում է հասկանալ, թե ինչի տեղ է նա դրել ժողովրդին, որը 5 տարի առաջ թույլ տվեց օգտագործել իրեն որպես «թավշե հեղափոխության» անվակ ու պտուտակ։

5 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԵՐԱԿՐԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՐՈՎ։ Փաշինյանն այնքան է վարժվել ստախոսությանը, որ վերջնականապես կորցրել է կապն իրականության հետ. նրա վերջին սուտը գերազանցեց բոլոր ռեկորդները: Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե երկրի նախկին ղեկավարներն իրեն փաստաթղթեր չեն թողել կարգավորման շուրջ բանակցային գործընթացի բովանդակության վերաբերյալ: Նա ասաց, թե ստիպված է եղել բավարարվել «ԱԳՆ-ի սառնարանի ոտի տակից գտած թղթերով»։ Իսկ ո՞վ է մեղավոր, որ Նիկոլը թղթեր է հանել սառնարանի ոտի տակից՝ փոխանակ կարդա, օրինակ, նախկին արտգործնախարար Է.Նալբանդյանի ծավալուն աշխատությունը՝ բանակցությունների բոլոր մանրամասների նկարագրությամբ։

Իսկ բացի այդ, ռեժիմի պարագլուխը ստեց, թե «Սերժ Սարգսյանը մարդ էր ուղարկում մոտս, ասում՝ տանս հարցը լուծի», իսկ բանակցությունների վերաբերյալ ասելիք չուներ։ ՀՀ նախկին ղեկավարների վերաբերյալ 5-ամյա շահարկումները Նիկոլին հասցրել են բացահայտ ստորության։ Իրականում ՀՀԿ առաջնորդը ոչ մեկին չի ուղարկել Նիկոլի մոտ, երրորդ նախագահին բնակարան է հասնում օրենքով... Ռեժիմի պարագլուխը 5 տարի շարունակ առաջնորդվել է այն սկզբունքով, որ ինչքան ավելի անպատկառ է սուտը, այնքան շատ են հերքումները, ուստի ինքը կրկին ուշադրության կենտրոնում է, ինչպես 2019թ. ապրիլի 8-ին, երբ հայտարարեց, թե «սկսել է բանակցությունները իր կետից»։

Երրորդ նախագահը, ՀՀԿ առաջնորդը արդեն երկար ժամանակ լրիվ չափով թոշակ չի ստանում պետությունից։ Նրա հաշվեհամարների վրա կալանք է դրված քրեական հետապնդման շրջանակներում։ Հիշեցնեմ, որ երրորդ նախագահին անհատական կենսաթոշակ է հասնում օրենքով, իսկ քրեական հետապնդումը հայտնի գործն է գյուղացիական տնտեսություններին վառելանյութի բաշխման մրցույթի վերաբերյալ, որը հարուցվել է մեկ անձի՝ գյուղատնտեսության նախկին նախարար, ներկայումս հանգուցյալ Սերգո Կարապետյանի ցուցմունքների հիման վրա։ Այն փաստը, որ Կարապետյանը ցուցմունք է տվել քննիչների ճնշման տակ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Օրենքը թույլ է տալիս նախկին նախագահներին ունենալ իրենց գրասենյակները, սակայն ՀՀԿ գրասենյակը կառավարությունից չի ստանում օրենքով հասանելիք ֆինանսավորումը։ Կառավարությունը վճարում է գրասենյակի միայն 3 աշխատակիցների դրույքաչափը։ Ինչ վերաբերում է նախկին բոլոր նախագահներին օրենքով հասանելիք բնակարանին, ապա 2018-2019թթ. եղել են մի քանի առաջարկներ, բայց Սարգսյանն այդ առաջարկները մերժել է: Ի դեպ, նախագահի պաշտոնից հրաժարական տալուց անմիջապես հետո Սարգսյանը կասեցրեց իրեն բնակարան տրամադրելու մասին իշխանության վերին էշելոնում շրջող խոսակցությունները՝ հայտարարելով, որ երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, իսկ իր բնակարանը կսպասի։ Հավատալ, թե Սարգսյանը կարող էր միջնորդի միջոցով խնդրել Նիկոլին բնակարան տրամադրել իրեն, կարող են միայն դեռահասի գիտակցությամբ ու թլսորված գլխով մարդիկ։

2019-ից հետո Փաշինյանի ռեժիմը բնակարանի հետ կապված լուրջ առաջարկներ Սարգսյանին չի արել, ինչը օրենքի խախտում է, իսկ այն առաջարկները, որոնք ստացվել են կառավարության աշխատակազմից, երրորդ նախագահի անվտանգության ծառայությունն անընդունելի է համարել հենց անվտանգության տեսանկյունից ։ Սերժ Սարգսյանը երբեք ոչինչ չի խնդրել Փաշինյանից ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով. ինչո՞ւ խնդրել ինչ-որ մեկի միջոցով, երբ հարցի լուծումը, կրկնեմ, նախորոշված է օրենքով։ Փաշինյանի այս ստին անմիջապես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բայց կապիտուլյանտը նորից ամեն ինչ բաց թողեց ականջի կողքով։ Նրա համար, կրկնում եմ, կարևորը ոչ թե հերքումների բովանդակությունն է, այլ որ իր ասածին արձագանքեն։ Կարևոր չէ, թե ինչպես են արձագանքում, միայն թե արձագանքեն։

Քաղաքական հոգեբանությունը ելնում է այն փաստից, որ ուժեղ վախը, որպես կանոն, խուճապի նոպաներ է առաջացնում քաղաքական գործիչների մոտ, ինչը արտահայտվում է շատախոսությամբ և կարող է փոխարկվել պարանոյայի: Փաշինյանը խոսում է անդադար։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը, որը վերջերս սկսել է քննադատել իշխանությանը, օրերս հայտնեց, որ Նիկոլին ճանաչում է 30 տարի։ Վերլուծելով վերջին ելույթները՝ նա հանգել է այն եզրակացության, որ ռեժիմի պարագլուխը ծայրահեղ անկայուն հոգեվիճակում է և սաստիկ վախեցած է ինչ-որ բանից։ Բնակարանային խնդրի թեման ամփոփելու համար հիշեցնեմ, որ մարտի 14-ի ասուլիսում, երբ լրագրողները խոսեցին արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի գնած թանկարժեք առանձնատների մասին, Փաշինյանը հայտնեց, թե ինքը նույնպես նախատեսում է նոր բնակարան գնել, բայց Աշոտը (որդին) ոչ մի կերպ չի կարողանում վաճառել հինը:

Սերժ Սարգսյանը ներկայումս ապրում է Ձորաղբյուրում՝ իր խնամներից մեկին պատկանող տանը:

Ճիշտ ժամանակն է գիժ ձևանալու

5 տարի անց ժողովրդին հիմարացնելու քաղաքականությունն այլևս արդյունք չի տալիս, մարդկանց նյարդայնացնում են Փաշինյանի հրապարակային ելույթները։ Փողոցային հարցումները ցույց են տվել, որ մարդիկ նրա անունն անգամ չեն ուզում լսել։ Քաղաքացիները չեն լսում նաև պատգամավորների և կառավարության անդամների ելույթները: Փաշինյանը գիտակցում է, որ 5 տարի անց ժողովուրդն իրեն ատում է, իսկ Սերժին շարունակում են մերժել միայն Արցախի Հանրապետության տարածքի 75% -ը և Հայաստանի ավելի քան 150 քառ. կմ-ը հանձնելու գործում Նիկոլի հանցակիցները:

ԲԱՔՎԻՑ ԿՇՏԱՄԲԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՐԴԵՆ 6 ՇԱԲԱԹ շարունակ չի պատասխանում «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ վերջին առաջարկներին, հավաքական Արևմուտքն ակտիվացրել է ճնշումը Փաշինյանի վրա՝ փաստաթղթի ստորագրումն արագացնելու համար։ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե «եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի»։ Հիմարացումը հասել է գագաթնակետին. կապիտուլյանտը փորձում է համոզել հայ ժողովրդին, թե Արցախից հրաժարվելը լավ լուր է։ «Կապիտուլյացիա-2»-ի ստորագրումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Արցախի ներառումով, ռեժիմի պարագլուխն ու իր հանցակիցները հրամցնում են իբրև ժողովրդի ձերբազատում այն «պատրանքներից», որ իբր տածել է նա մինչ 2018-ի իշխանափոխությունը, հավատալով Արցախի ժողովրդի ինքնորոշման հնարավորությանը։

Ժամանակն աշխատում է Նիկոլի դեմ, մարդիկ նզովում են այն օրը, երբ նրա կուսակցությանը տվեցին իրենց ձայնը։ Զանգվածները գիտակցում են, որ խաբեությամբ իրենց մեղսակից են դարձրել Արցախի և Հայաստանի դեմ կատարված հանցագործություններին, ռեժիմի պարագլխի ձեռքերը մինչև արմունկները հայկական արյան մեջ են։ Նրա իշխանավարման յուրաքանչյուր օրը նոր արյուն է բերում։ Նույն Սուրենյանցի կանխատեսմամբ, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա քաղաքական տարվա վերջում Հայաստանին տոտալ ճգնաժամ է սպասում։ «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումից առաջ Փաշինյանը գտնվում է մի հոգեվիճակում, որը կարելի է բնութագրել որպես խուճապի գրոհ։

Փաշինյանը գլուխը կորցնում է վախից, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղիկների մեջ պայթուցիկ էին փնտրում, ընդ որում ծաղիկների մի մասը անվտանգության նկատառումներով հեռացրել էին նախքան պետության առաջին դեմքերի մոտենալն Անմար կրակին։ Այն մասին, որ խուճապի մշտական նոպաները փոխարկվում են պարանոյայի, կարելի է դատել կառավարության 2022 թվականի ծրագրի կատարման քննարկման օրերին խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում ռեժիմի պարագլխի թիկնապահների հայտնվելով։ Թեպետ, եկեք չտարվենք ախտորոշումներով: Ինչպես հայտարարել է այդ առնչությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Այստեղ այլ մասնագետներ են պետք...»:

Փաշինյանը հասկանում է իր կատարած հանցագործությունների ծավալներն ու հետևանքները, Նա գերազանց հաշիվ է տալիս իրեն, թե որ ուժերն ու ինչ նպատակով են իշխանության բերել իրեն։ «Կապիտուլյացիա-1»-ը նա կուլ տվեց, «կապիտուլյացիա-2»մոտենում է, ճիշտ ժամանակն է գիժ ձևանալ, հիմա արդեն՝ դատից ու դատավճռից խուսափելու նպատակով։