Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՆԻԿՈԼԻ ԵՎ ԻՐ ԹԱՅՖԱՅԻ ՆՄԱՆ ԼԿՏԻ ՊԱՀՎԱԾՔՆ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՉԻ ՄՆԱՑԵԼ ՆԱԽԿԻՆՈՒՄ
Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու- հնազանդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ջանք չեն խնայում խոչընդոտելու իմ շփումները եվրոպական քաղաքական վերնախավի հետ:
Այս ամենը, բնականաբար, պատահականություն չէ և խնդիրը Հայաստանից իմ «փախնելը» չէ (խաշած հավի ծիծաղը կգա նման վարկածից) կամ, այսպես կոչված, քրեական գործին խոչընդոտելը (ՀՀ-ից ցանկության դեպքում տեսականորեն ավելի հեշտ է խոչընդոտել, քան ՝ արտերկրից):
Ուստի, Արցախի շուրջ սեղմվող օղակի ու Նիկոլի աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի, այո, լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքերը՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և այլն:
ՔԿ նման աղաղակող պահվածքը, անշուշտ, թելադրված է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման օղակի վերածվելու իրողությամբ:
Իհարկե, կարող ենք ասել, որ ի համեմատ այն խայտառակ լրահոսի, որ գալիս է Քննչականի հետ կապված (խոշտանգումներ, ապօրինի կալանքներ, ապօրինություններ, զոհվածների ծնողների նկատմամբ հանդուգն վերաբերմունք, հետապնդումներ և այլն) սա փոքր բան է:
Այո, գուցե անձիս նկխտմամբ նման որոշումը կարող է փոքր թվալ, սակայն, հաշվի առնելով միջազգային շփումների կարևորությունը, Հայաստանից առողջ տեսակետների ներկայացման հրամայականն արտերկրում աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում ու Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գեոպոլիտիկ աճուրդի պարագայում, կարծում եմ, նման որոշման կեղտոտությունն ու լկտիությունն առավել ցայտուն են դառնում:
Այս ամենը կրկնում եմ, ստեղծված իրավիճակում բոլորովին պատահականություն չէ. Արցախն ու Հայաստանը առևտրի հանած Նիկոլը կանխարգելում է երկրից դուրս այդ «առևտրի» դեմ հիմնավորված արտահայտվելու ցանկացած հնարավորություն:
Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ու այս մեսիջը միևնույն է՝ հասանելի է լինելու միջազգային, այդ թվում ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին:
Նիկոլի և իր թայֆայի նման լկտի պահվածքն անարձագանք չի մնացել նախկինում. ԵԺԿ Գլխավոր քարտուղարը քննադատության է ենթարկել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը, այս մասին խոսվել է նաև Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։
Այս անգամ ևս Նիկոլի նման որոշումները պետք է ունենան հստակ քաղաքական հետևանքներ ՔՊ-ի համար»: