ԻՆՉՈ՞Ւ «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ» ՀԵՌԱՑՐԵՑ ԻՐ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Միրզոյանի և Բայրամովի վաշինգտոնյան «մարաթոնը» դեռ շարունակվում է. ինչպես հաղորդեցին իրենք՝ ամերիկացիները, բանակցությունները կտևեն մի քանի օր։ Թե ինչի մասին է խոսում Բլինկենի կողմից ոգեշնչվող այդ «քաղցր զույգը»՝ «աշխարհի ամենաթափանցիկ» հայաստանյան իշխանությունը, բնականաբար, չի հայտնում, ինչը չի խանգարում քաղաքագետներին մրցակցել միմյանց հետ ենթադրություններով, թե էլ ինչ կհամաձայնի զիջել Փաշինյանը։ Քանզի դեռ մի քանի տարի առաջ ամենասարսափելի մղձավանջում անգամ անհնար էր պատկերացնել, որ Արցախի, հետևաբար նաև Հայաստանի ապագայի շուրջ բանակցությունները վարելու է թուրքական նախկին գործակալը, որին ժամանակին այդպես էլ չհաջողվեց հերքել թշնամի երկրի հատուկ ծառայությունների օգտին իր աշխատանքի փաստը։
Սակայն արդեն առաջին իսկ օրը բանակցությունների շուրջ սկանդալ բռնկվեց, որը վարպետորեն կազմակերպել էր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական խմբագրությունը, որին «ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները մանրամասներ են հաղորդել բանակցություններից»։ Մասնավորապես, մայիսի 1-ի հրապարակման մեջ Կովկասի բանակցությունների գծով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն որոշ մանրամասներ է բացահայտել և հայտնել ԱՄՆ միջնորդությամբ քննարկվող փաստաթղթի անվանումը. «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»:
Երկարուձիգ հերթապահ արտահայտություններից հետո ռադիոկայանը, ասես իմիջիայլոց, «նետեց» այդ սենսացիան, ընդ որում այնպես, որ անհասկանալի լինի՝ դա դեռ Բոնոն է ասում, թե մեկ ուրիշը. «Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերով՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը»:
Այս արտահայտությունն առաջացրեց հենց այն արձագանքը, որի համար նախատեսված էր: Իսկ որ արտահոսքը կանխամտածված էր և հստակ նպատակներով, կասկածից վեր է. տեղեկատվական լցոնման միջոցով հող շոշափելը բավական պարզունակ և վաղուց փորձարկված հնարք է։
Հայ հասարակության արձագանքը, բնականաբար, շատ կտրուկ էր։ Կարծես թե ոչ մի նոր բան չէր ասվել. Փաշինյանի դավաճան իշխանությունը Արցախի համատեքստում արդեն վաղուց է խոսում միայն «իրավունքների և անվտանգության» մասին ՝ միտումնավոր լռության մատնելով կարգավիճակի հարցը։ Սակայն մեկ բան է ասելը, և բոլորովին այլ բան, երբ բարձր մակարդակով, համաշխարհային տերություններից մեկի միջնորդությամբ, առաջին անգամ հիշատակվում է «էթնիկ փոքրամասնություն» եզրույթը իր Հայրենիքում ապրող և վաղուց ինքնորոշված Արցախի ժողովրդի նկատմամբ: Փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը, բնականաբար, անմիջապես նկատեցին դիտավորյալ նետված «կուտը» և աղմուկ բարձրացրեցին։
Հաջորդ օրը տվյալ պարբերությունն անհետացավ VOA կայքից, ինչը բավական խոսուն և անմիանշանակ փաստ է։ Չէ՞ որ չէր կարող «ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը»՝ լինի դա Բոնոն, թե մեկ ուրիշը, նման բան հորինել։ Մեզ պարզապես տեղեկատվություն հրամցրեցին՝ շատ լավ հասկանալով նման ձևակերպման սադրիչ բնույթը Արցախի համար և փորձելով ստուգել արձագանքը։ Միաժամանակ վերահաստատելով, որ Արցախի հարցը քննարկվում է Ադրբեջանի կազմում ընդգրկման համատեքստում, և հայկական կողմը՝ հանձին Միրզոյանի, լիովին համաձայն է և բանակցում է հենց այդ դիրքերից:
Այնպես որ կայքից հեռացնելը բնավ չի նշանակում, թե դա չի եղել, ավելի շուտ՝ հակառակը։ «Արտահոսքը» արեց իր գործը. «արտահոսքը» կարող է հեռացվել։ Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով է արվել հրապարակումը. որպեսզի հայ հասարակությանը կամաց-կամաց վարժեցնեն այն մտքին, որ արցախահայությունը համարվելու է էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, թե՞ հասկանալու համար, թե արդյոք ամերիկացիները չափը չեն անցնում տվյալ պահին և գուցե պետք է մի քիչ սպասել։
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ԹԵ՛ ՄԵԿԸ, ԹԵ՛ ՄՅՈՒՍԸ, ԵՎ ԳՈՒՑԵ ԷԼԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ. Գումարած՝ «ազգային փոքրամասնությունների» հարցի քննարկումը ժխտելու հնարավորության ընձեռումը Նիկոլի թիմակիցներին, այն պատճառաբանությամբ, թե պարբերությունը ջնջված է, և ուրեմն՝ տեղեկատվությունը հավաստի չէ։ Ինչպես դա արեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որին երեքշաբթի օրը հանձնարարված էր «պատասխան տալ» կապիտուլյանտի կուսակցության ծայրահեղ վտանգավոր խաղերի համար։
Մինչդեռ փորձագետներին հասկանալի է, որ «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» մասին հիշատակումը վերաբերում է ոչ միայն արցախահայությանը։ Մեջբերենք Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա հստակ ձևակերպել է, թե ինչ է կանգնած այս ճիզվիտական արտահայտության հետևում:
«Դժվար թե հանդիպմանը քննարկվեր Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ասորիների և ռուսների իրավունքների ու անվտանգության խնդիրը, որովհետև նման խնդիր պարզապես չկա։ Վստահաբար չի քննարկվել նաև Ադրբեջանում թալիշների, թաթերի, լեզգիների, ուդիների և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ պետականորեն տարվող ձուլման և ուծացման քաղաքականությունը։
Փաստացի «հայ»-ադրբեջանական կոչվող այս բանակցութուններին «հայկական» կողմը
-հերթական անգամ փաստել է, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, Արցախի բնակչությանն էլ դիտարկում է որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնություն,
-թշնամու հետ քննարկել, գուցե նաև արդեն պարտավորություններ է ստանձնել Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու և նրանց «իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու» վերաբերյալ։
Հասկանալի է, չէ՞, որ այս հրեշավոր ծրագրի իրագործման ավարտին ունենալու ենք հայաթափված Արցախ ու թուրքացված Հայաստան՝ թուրքական վիլայեթի տեսքով կամ Ադրբեջանի կազմում որպես «Իրևանի տնտեսական գոտի» և «Գյոյչա-Զանգեզուրյան Հանրապետություն»,- գրել է նա։
Այս եզրակացության հետ դժվար է չհամաձայնել, և Աղաբաբյանն էլ, իհարկե, միայնակ չէ իր մռայլ կանխատեսումներում։ Գործնականում բոլոր լուրջ փորձագետները համակարծիք են, որ գալիս է ճշմարտության պահը հայ ժողովրդի համար։ Եվ որ եթե հայ հասարակությունը այս «կարմիր գիծն» էլ հատի նույն հանցավոր հանգստությամբ ու անվրդովությամբ, ապա կարելի է վերջնականապես խաչ քաշել պետականության և առհասարակ ամեն հայկականի վրա:
Սակայն ողջ այս պատմության մեջ կա ևս մի բան, որը թույլ հույս է ներշնչում: «Ամերիկայի ձայն»-ի կայքից այնուամենայնիվ որոշվեց հեռացնել սկանդալային տեղեկատվությունը, և պարզ է, որ որոշումը կայացվել է ոչ թե հայկական խմբագրության, այլ Պետդեպարտամենտի մակարդակով, որն էլ, անկասկած, կանգնած էր «արտահոսքի» հետևում։ Իսկ Երևանում ՔՊ ներկայացուցիչները նախընտրեցին կոծկել այդ խոսակցությունը և չմեկնաբանել. իբր՝ ջնջել են, ուրեմն նման բան չկա։
Հետեվաբար, նրանք, ովքեր վարում են այս ստորագույն խաղն ընդդեմ հայ ժողովրդի, շատ լավ հասկանում են, որ իրենց արածը սանձարձակ կամայականություն է և արդեն անցել են ամեն չափ ու սահման։ Հասկանում են, որ կարող է գալ և արդեն վաղուց հասունացել է այն պահը, երբ տեղի կունենա պայթյուն, որը կարող է ջնջել իրենց բոլոր «նվաճումները», և այդ պայթյունը կարող է ոչ միայն պարզապես տապալել դավաճան իշխանությանը Երևանում, այլև ոչնչացնել թշնամու անցակետը Բերձորի միջանցքում։ Հասկանում են, որ Արցախի ժողովուրդը չի հանձնվում և չի հանձնվելու, իսկ հայաստանցիների մեծամասնությունը կտրականապես դեմ է փաշինյանական քաղաքականությանը. այդ մասին են վկայում վերջին տարիների անխտիր բոլոր սոցհարցումները։
Կարծում ենք, «արտահոսքի» հեղինակները ստացան այն հարցի պատասխանը, թե պատրա՞ստ է արդյոք հայ հասարակությունը իշխանության օրինակով ուրանալ իր արցախցի հայրենակիցներին, համաձայնելով ընկալել նրանց որպես էթնիկ փոքրամասնություն ահաբեկչական պետության կազմում։ Եվ այդ պատասխանը բացասական է: Ինչը վերջնական արդյունքում նշանակում է մեկ բան. դեռ ոչինչ որոշված չէ, և դեռևս հնարավորություն կա ամեն ինչ շտկելու, եթե իհարկե հակահայկական խաղի արտաքին և ներքին դերակատարների այդ անչափ մեծ մտավախությունները իրականություն դառնան:
Եթե և երբ տեղի ունենա հենց այն պայթյունը, որից նրանք բոլորը սաստիկ վախենում են, և որին այնպիսի՜ փափագով սպասում են ողջ աշխարհի հայերը։