Պեսկով․ Կիևը չէր կարող Կրեմլի վրա հարձակման մասին որոշում կայացնել առանց Վաշինգտոնի
ՌԴ Քննչական կոմիտեն և այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են ուկրաինական անօդաչուների հարձակումը Կրեմլի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անշուշտ, այն, ինչ տեղի է ունեցել, ենթակա է շատ մանրակրկիտ հետաքննության, օպերատիվ հետաքննության։ Դուք գիտեք, որ Քննչական կոմիտեն, անհրաժեշտ ծառայություններն այդ ամենով զբաղվում են։ Իսկ երբ սպասել արդյունքներին, չեմ կարող ասել, դա արդեն կախված է նրանցից»,-ասել է նա։
Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլի վրա անօդաչուներով հարձակմանը չմասնակցելու մասին Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությունները ծիծաղելի են թվում, և Մոսկվան գիտի, որ հարվածների համար և՛ միջոցները, և՛ թիրախները Կիևը ընտրում է Վաշինգտոնի թելադրանքով: «Դրանից հրաժարվելու փորձերը՝ և՛ Կիևում, և՛ Վաշինգտոնում, իհարկե, բացարձակապես ծիծաղելի են։ Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների, նման ահաբեկչությունների մասին որոշումները Կիևում չեն կայացվում։ Իսկ Կիևն արդեն կատարում է այն, ինչ իրեն ասում են անել»,-ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ «հաճախ նույնիսկ բուն նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշում են Վաշինգտոնում և հետո հասցնում Կիև, որպեսզի Կիևը կատարի»։ «Եվ ամեն անգամ չէ, որ Կիևին իրավունք են տալիս միջոցներ ընտրել։ Դա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմ։ Մենք դա լավ գիտենք և դրանում մեզ հաշիվ ենք տալիս»,-նշել է Պեսկովը։
«Անշուշտ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան Վաշինգտոնին մեղսակից է համարում։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Կրեմլի տեղեկությունը արժեր «երկու մասի բաժանել», Պեսկովը նշել է. «Ինչպես հարմար է բաժանեք կամ մի բաժանեք։ Բայց Վաշինգտոնում պետք է հստակ հասկանան, որ մենք դա գիտենք»։
News.am