Բլինկեն. Բաքուն և Երևանը զգալի առաջընթացի են հասել խաղաղության պայմանագրի ճանապարհին

Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Այս մասին ԱՄՆ–ում տեղի ունեցած բանակցությունների շարքից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում 2 կողմն էլ մի քանի շատ բարդ հարց է քննարկել և զգալի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Վստահ եմ` գոյություն ունի համաձայնագիր տեսանելիության սահմաններում, հասանելիության սահմաններում։ Այդ համաձայնագրի ձեռքբերումը, կարծում եմ, ոչ միայն հնարավոր կլինի, այլև խորապես կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ, որ բանակցությունների տեմպերը և այն հիմքը, որ դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես մոտ ենք համաձայնությանը»,– ասել է Բլինկենը։

Բլինկենի կարծիքով` երկխոսությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից խոստովանություն է, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցության միջոցով է:

Նա շեշտել է` ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին հատել վերջնագիծը։ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով` իրենք շատ մոտ են դրան։

Sputnik Արմենիա