Սիմոնյան․ «Նեմեսիս» արձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ

Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումըկայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալեն Սիմոնյանը ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։

«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», - ընդգծել է Սիմոնյանը։

Ըստ նրա` ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, ինքն էլ կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար։

«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ` Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,– շեշտել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը լիովին անկեղծ է հարաբերությունները կարգավորելու իր ձգտման մեջ:

«Եթե մենք ունենք քաղաքական կամք, եթե ունենք հարաբերություններ վերականգնելու և կարգավորելու որոշում, այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց մենք պետք է առաջ շարժվենք»,– ասել է ԱԺ խոսնակը։

Նա հույս է հայտնել, որ իրենց թուրք գործընկերները ևս դեպի առաջ քայլ կանեն։

«Մենք կօգտվենք այս պատմական հնարավորությունից։ Մենք նոր էջ ենք բացում ինչպես մեր, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,– եզրափակել է Սիմոնյանը։

Sputnik Արմենիա