ԼԱՏԻՖՈՒՆԴԻՍՏՆԵՐ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ

Գարնանային թեժ սեզոնին Էկոնոմիկայի նախարարությունում անդրադարձել են թեմային… մեկ ամիս առաջ

Փաշինյանի և իր կիսագրագետ ՔՊ-ականների իշխանավարման 5 տարիների ընթացքում գյուղը սրընթաց գլորվեց աղքատության անդունդ։ Քչերին բախտ վիճակվեց մնալ մակերեսին։ Սեփականաշնորհված հողատարածքը չի կերակրում գյուղաբնակ ընտանիքներին, իսկ բազմաթիվ գյուղեր, որոնք նախկինում դիմանում էին փոքրիկ արտադրությունների հաշվին, այժմ դրանց բացակայության պատճառով բառացիորեն աղետալի վիճակում են…

Հիշեցնենք, որ 2022 թվականի տվյալները ցույց են տվել ագրարային արտադրության աճի թույլ դինամիկա՝ ընդամենը 100,4% մակարդակում, այսինքն գյուղատնտեսությունը անցած տարվա ողջ ընթացքում կարողացել է ապահովել 0,4% աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքը կրկին համեստ 1,4% աճն է: Եվ սա՝ չնայած պետական խոշոր հատկացումներին, որոնք քամուն տրվեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գերատեսչությունում մշակված գյուղատնտեսության զարգացման անարդյունավետ և մակերեսային ծրագրերի արդյունքում:

Ասենք ավելին: Կարևոր ոլորտի աճի նույնիսկ այդ չնչին ցուցանիշները հանկարծ «հայտնաբերվեցին» միայն երկրի ազգային վիճակագրական գերատեսչությանը նշյալ նախարարի հասցեագրած բողոքներից ու փնթփնթոցից հետո։ Քերոբյանը, համարձակություն հավաքելու և իր լիակատար անգործունակությունն ընդունելու, իսկ ձեռքի հետ էլ իր իսկ խոստացած հրաժարականը տալու փոխարեն, հիմա զբաղված է ցուցանիշները ծաղկեցնելով, որպեսզի հանրության աչքում այդքան ողորմելի չլինի։

Ի դեպ, Armstat-ի դեմ գրոհի արդյունքը, ինչը հանգեցրեց նրան, որ գյուղատնտեսությունը, թեկուզ աննշան, բայց այնուամենայնիվ դուրս եկավ մինուսային ցուցանիշներից, այնքան է դուր եկել նախարարին, որ գերատեսչությունում օրերս արդեն քննարկում էին «բացակայող և հնացած» վիճակագրական տվյալների վերանայման միջոցառումները, որոնք հանգեցրել են «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2022» զեկույցում Հայաստանի դիրքերի վատթարացմանը։ Այսպիսով, գործերի իրական բարելավմամբ զբաղվելու փոխարեն, Էկոնոմիկայի նախարարությունում անխոնջ աշխատում են վիճակագրությունը «մաքրելու» ուղղությամբ ։

Մինչդեռ գյուղաբնակ բազմաթիվ ընտանիքներում օրական չի ծախսվում նույնիսկ 200-300 դրամ, իսկ ընտանիքի յուրաքանչյուր շնչի հաշվով մեկ դոլարի մասին այնտեղ երազել անգամ չեն կարող։ Իսկ դա հենց աղքատության շեմից ցածր լինելու ցուցանիշն է։

Օրակարգում հերթական ցանքն է և, օրինակ, 1 հեկտար մակերեսով դաշտում ցորեն ցանելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ծախսել սերմացու գնելու վրա, վճարել գյուղտեխնիկայի վարձակալության և դրա վառելիքի համար, գնել պարարտանյութ և թունաքիմիկատներ։ Ջուրը նույնպես փող է: Գումարած հարկերը, վճարումները վարկերի և բերքի ապահովագրության համար, եթե իհարկե այն ապահովագրում են, այլ ոչ թե ապավինում Աստծո ողորմածությանն ու սեփական աղոթքներին: Բայց ահա բերքը աճեցված է, և ժամանակն է մտածել կոմբայնի մասին, վճարել հացահատիկի տեղափոխման համար։ Արդյունքում ծանր աշխատանքով վաստակածը բավականացնում է հազիվ մի քանի ամիս։ Եվ ինչպե՞ս կհրամայեք, պարոնայք ՔՊ-ականներ, ապրել մնացած տարին...

Մենք հետաքրքրության համար աչքի անցկացրեցինք էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ հուսահատ փորձելով հաղորդագրություններ գտնել գյուղատնտեսական թեժ սեզոնում գյուղմթերք արտադրողների և ագրարային արտադրանք մթերողների հետ գերատեսչության ղեկավարության պարբերական հանդիպումների մասին։ Ավաղ, նախարար Քերոբյանի ակտիվ հետաքրքրությունների, զրույցների և աշխարհով մեկ տեղաշարժերի տիրույթում ագրարային հարցերը, ըստ երևույթին, ընդգրկված չեն։

Այսպես, նշյալ թեմայով վերջին հաղորդագրությունը վերաբերում է ապրիլի 6-ին, այսինքն ունի մեկամսյա վաղեմություն։ Այդ օրը նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին: «Թավշե հեղափոխությունից» 5 տարի անց էկոնոմիկայի նախարարությունում դեռ նոր են մտահոգվել ցանքատարածությունների խոշորացման և դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների խնդրով:

Դատելով ամենից՝ վերջապես կռահելով, որ ագրարային զարգացման իրենց բոլոր ծրագրերն իրականում կոտրած գրոշ անգամ չարժեն, նախարարությունում բոլոր հայացքներն այս անգամ ուղղել են դեպի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորում՝ դրանց առքուվաճառքի, օտարման, վարձակալության, փոխանակման և այլ միջոցներով: Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի արդյունքում, ինչպես կարծում են Էկոնոմիկայի նախարարության ռազմավարները, երկրում կձևավորվեն հողային խոշոր լատիֆունդիաներ, որոնք կենտրոնացած կլինեն սահմանափակ թվով սեփականատերերի ձեռքում: Իսկ հողազուրկ հասարակ գյուղացիները, ըստ մտահղացման, բոլորով միասին կվազեն գրադարաններում աշխատելու կամ, ինչպես ժամանակին ասաց նախարար Քերոբյանը, ձեռնոցներ կարելու կամ զբոսաշրջիկներին սպասարկելու։ Բայց ողջ հարցն այն է, որ գյուղատնտեսությունն ապահովում է երկրի բնակչության առնվազն մեկ երրորդի զբաղվածությունը, և այս լույսի ներքո օրինաչափ հարց է առաջանում. իսկ կբավականացնե՞ն արդյոք զբոսաշրջիկները բոլոր նախկին գյուղացիներին։ Եվ ձեռնոցները՝ նույնպես…