ԱՄՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ-ի համար շարունակ աճում է

Հայաստանի և Արցախի դեմ ծառացած լուրջ անվտանգային մարտահրավերների ֆոնին քաղաքական և հասարակական խոսույթում մշտապես շրջանառվում է ՀՀ քաղաքական վեկտորը ամբողջովին դեպի Արևմուտք, մասնավորապես՝ ԱՄՆ և ՆԱՏՕ ուղղելու մասին: Սակայն պետք է շեշտել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեկուսի ուսումնասիրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանից և դրանում առկա բարդ քաղաքական և տնտեսական շահերից, աշխարհաքաղաքական թերի ընկալումների հետևանք է: Այսպիսով, «Հայկական Ալիք»-ը ստորև անդրադառնում է արևմտյան բլոկի առաջնորդ հանդիսացող գերտերության՝ ԱՄՆ-ի հարաբերություններին Ադրբեջանի հետ, քանի որ նախ պետք է հասկանալ՝ ինչ շահեր ունի ԱՄՆ-ը Կովկասում, որոնք կարող են խոչընդոտել կամ բացառել Հայաստանի հետ դրա ռազմաստրատեգիական համագործակցությանը:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որը ձգտում է առաջ տանել իր շահերը հարավկովկասյան տարածաշրջանում, համահունչ են Ադրբեջանի շահերին, որը ձգտում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ, ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և մասնակցել տարածաշրջանային նշանակության ծրագրերին: Տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը երկարաժամկետ համագործակցության առանցքային գործոններից է։

Ադրբեջանը լայն տնտեսական համագործակցություն է հաստատել ԱՄՆ-ի հետ։ Այս համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։ Այսպես, օրինակ, 2022 թ.-ին ԱՄՆ ներկրումները Ադրբեջանից կազմել է 173 միլիոն դոլար՝ 2020 թ.-ի 37 միլիոնի փոխարեն:

Ադրբեջանի աշխարհագրական դիրքը դրան մեծ ռազմավարական նշանակություն է տալիս՝ որպես էներգիա արտադրող և տարանցիկ հանգույց։ Էներգետիկ համագործակցության համար կա պայմանագրային հիմք դեռ 1990-ական թթ.-ներից. 1994 թ.-ի սեպտեմբերին Բաքվում ստորագրվեց «Դարի պայմանագիրը»՝ 30 տարի ժամկետով մի շարք խոշոր անդրազգային ընկերությունների հետ ադրբեջանական կասպյան հանքավայրերի նավթի համատեղ շահագործման վերաբերյալ պայմանագիր: Արտահանման հիմնական ուղին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցելիս, որը տեղափոխում է կասպիական նավթը դեպի Միջերկրական ծով և Եվրոպա,աջակցություն է ցուցաբերվել նաև ԱՄՆ-ից և ամերիկյան ընկերություններն ունեն մասնաբաժիններ դրա կոնսորցիումում (հստակ տոկոսն անհայտ է, ըստ պաշտոնական տվյալների 2-3%-ը պատկանում է ամերիկյան ամենախոշոր նավթային ընկերություններից ExxonMobil-ին)։ Բաքվի նավթն ու գազը ստանում են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Հարավային Եվրոպայի այլ երկրներ։ Ընդ որում, այս կարգի նավթային ընկերությունները հանդիսանում են լրացուցիչ քաղաքական ճնշման լծակ. դրա վկայություններից մեկը բացահայտել էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով 1996-97 թթ.-ներին Արցախյան բանակցային գործընթացի մասին, որոնց ընթացքում ԱՄՆ-ին կոչ էին անում օգտագործել նավթը՝ ստիպելու Ադրբեջանին ընդունել բանակցային սեղանին դրված փաստաթղթի տարբերակը («Կարող եք ասել, որ եթե գործը գլուխ չգա, չեք քաջալերի ձեր ընկերություններին օգնել Ադրբեջանին նավթի արդյունահանման հարցում»,- Դենվերում հանդիպելով պետքարտուղար Օլբրայթին` ասում է Ռուսաստանի արտգործնախարարը): Բացի այդ, Ադրբեջանը գտնվում է Տրանս-կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (հայտնի է Միջին միջանցք անունով) վրա, որը կապում է Չինաստանը Թուրքիային և Եվրոպային՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ Այն շրջանցում է Ռուսաստանը (որը տասնամյակներ շարունակ եղել է Չինաստանի և Եվրոպայի միջև հիմնական ցամաքային կապը) Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) նորակառույց 826 կմ երկարությամբ երկաթգծով: Քննարկվում է նաև Անդրկասպյան խողովակաշարի (Trans-Caspian Pipeline – TCP) նախագիծը, որը գազը Թուրքմենստանից կբերի Ադրբեջան և այնուհետև դեպի Հարավային գազային միջանցքին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը ներկայումս ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնում է դեպի հարավ-արևելյան Եվրոպա: Այսպիսով, հաշվի առնելով, որ Հարավային Կովկասը էներգետիկ և տրանսպորտային հանգույց է Եվրոպայի և Ասիայի միջև և դրա դերը առավել քան արժևորվում է ուկրաինական ճգնաժամի ֆոնին՝ որպես ռուսական գազի այլընտրանք, ԱՄՆ-ը դիտարկում է Ադրբեջանին որպես էներգառեսուրսների ստաբիլ մատակարարման աղբյուր և փորձում ապահովել դրա անվտանգ անցումը դեպի Եվրոպա:

2020 թ.-ը, և մասնավորապես՝ Արցախյան երրորդ պատերազմը, ըստ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության (հաստատվել է 2022 թ.-ին) «հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը Հարավային Կովկասում՝ բարձրացնելով Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի – խմբ.] երկկողմ հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում՝ ԱՄՆ ռազմավարական շահերին հասնելու համար»։ Ընդ որում, ըստ փաստաթղթի Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը: Թեև Ադրբեջանն ավանդաբար չի ձգտում միանալ որևէ ռազմական դաշինքի, սա չի բացառում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առկայությանը և զարգացմանը. այն հիմնականում ծավալվում է 1994 թ.-ին կնքված Խաղաության համար Համագործակցության (Partnership for Peace) պայմանագրի հիմքով միջազգային անվտանգության և ահաբեկչության ոլորտում համագործակցությամբ, ինչը վերոնշյալ փաստաթղթում ԱՄՆ-ը համարում է առաջնահերթություն: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թ.-ի ապրիլի վերջին երկարաձգել է Ադրբեջանին զինտեխնիկայի և զենքի մատակարարման արգելքի մորատորիումը, այսինքն՝ արգելքը շրջանցվում է, ինչպես 2002 թ.-ից անում են բոլոր ԱՄՆ նախագահները։ Նախկինում Բաքուն չէր կարող օգտվել Վաշինգտոնից սպառազինություն գնելու հնարավորությունից՝ համաձայն ԱՄՆ Կոնգրեսի շաչունակ շահարկվող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ կետի փոփոխության, որն ընդունվել էր 1992 թ.-ի և ամբողջությամբ արգելում էր ԱՄՆ-ի ցանկացած ուղղակի օգնություն՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար։ Վերջերս շրջանառվում է նաև ԱՄՆ-ի կողմից ծանր հրազենի մատակարարման հեռանկարները նույնիսկ Արցախի շրջափակման պայմաններում:

Ավելի քան երկու տասնամյակ առաջ, սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ԱՄՆ-ը սկսեց լրջորեն վերաբերվել մերձկասպյան տարածաշրջանին, քանի որ այն կարևոր դարպաս էր դեպի Աֆղանստան: ԱՄՆ-ը սկսեց Կասպիական գվարդիայի նախաձեռնությունը (Caspian Guard Initiative) 2003 թ.-ին: Այն ժամանակ CGI-ն նկարագրվեց որպես «նախաձեռնություն, որը սահմանում էր օդային տարածքի, ծովային և սահմանների վերահսկման միասնական ռեժիմ Ադրբեջանի և Ղազախստանի ազգերի համար»: ԱՄՆ առափնյա պահպանությունն Ադրբեջանին երեք առափնյա պաշտպանության նավ է տվել: Այս նավերը ԱՄՆ-ից Ադրբեջան են մեկնել Սև ծովով, Ազովի ծովով և Վոլգա-Դոն ջրանցքով դեպի Կասպից ծով: 2022 թ.-ի փետրվարին ուկրաինական պատերազմից հետո Կասպից ծովի տարածաշրջանը նորովի գրավեց արևմտյան քաղաքականություն մշակողների ուշադրությունը, հատկապես՝ ՌԴ-ին և Իրանին հակակշռելու տեսնկյունից. ՌԴ-ն Վոլգա-Դոնով իրականացնում է ռազմանավերի անցում Կասպից ծովից Սև ծով՝ Թուրքիայի կողմից նեղուցների փակման պայմաններում, բացի այդ մեծանում է առևտրի հնարավորությունները Իրանի հետ: Այս պայմաններում, ամերիկյան քաղաքականություն մշակողները պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է ավելի սերտ ռազմական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ շարունակելով շրջանցել 907-րդ բանաձևը:

2018թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ–ն Ադրբեջան է արտահանել ավիացիոն–տիեզերական արտադրանքի զգալի ծավալներ` ընդհանուր առմամբ 109 միլիոն դոլարի։ Այս տվյալները ներկայացված են ամերիկա–ադրբեջանական անցած տարվա առևտրի պաշտոնական վիճակագրությունում: Ըստ դրա՝ Ադրբեջանը գնել է ինքնաթիռներ, տիեզերական տեխնոլոգիաներ ու արբանյակներ։ Հատկանշական է, որ 2017 թվականին արտահանության այդ կետը գոյություն չուներ։ Բաքուն ԱՄՆ–ից գնել է նաև քաղաքացիական ինքնաթիռներ ու 31 միլիոն դոլարի դրանց սարքավորումները։

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ուղղակի մատակարարումներից զատ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավոր դաշնակից հանդիսացող Իսրայելը, ըստ SIPRI-ի, 2011-2020 թթ.-ներին հանդիսացել է Ադրբեջանին զենքի երկրորդ մատակարարը, ինչը էլ ավելի է ընդգծում Ադրբեջանի աշխարհագրական դիրքի կարևորությունը՝ Իրանի հետ հարաբերությունների համատեքսում, որի դեմ ներկայումս ԱՄՆ-ը հիբրիդային պատերազմ է վարում։ Կարելի է նաև ասել, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարումը բխում է նաև արևմտյան շահերից: Հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի փորձերը՝ դիրքավորելու իրեն որպես միջնորդ և վարելու հավասարահեռ քաղաքականություն արևմուտքի և արևելքի միջև, ստիպում են ԱՄՆ-ին հնարավորինս իր դաշտում պահելու Թուրքիային և Ադրբեջանին, որոնց նկատմամբ վարվող քաղաքականությունը, ըստ էության, կարելի է դիտարկել նույնատիպ պրիզմայով: Եվ իհարկե, ԱՄՆ-ի վերաբերմունքը Հարավային Կովկասին, մասնավորապես Ադրբեջանին, ձևավորվում է Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության ֆոնին:

Դեռ ավելին, Բրայթոնում գործող EDO MBM Technology-ը (6-րդ խոշորագույն պաշտպանական կապալառուի դուստր ձեռնարկությունն է) ռումբերի և հրթիռների արձակման սարքեր արտադրող կազմակերպություն է, որը նախագծել, արտոնագրել և արտադրել է Hornet միկրո զինամթերքի ռումբերի ցանցը, առանց որի թուրքական ԱԹՍ-ների ռազմական կիրառումը չէր կարող տեղի ունենալ: Իսկ այդ ԱԹՍ-ների ուղղակի կիրառմանը ականատես եղանք Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից:

Այսպիսով, այս և մի շարք այլ փաստեր բացահայտում են ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական շահերը Հարավային Կովկասում և, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ որպես կասպիական էներգակիրների և արևելք-արևմուտք հանգույց: Բնականորեն, այս դերը ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: ԱՄՆ-ը, հանդիսանալով արևմտյան բլոկի առաջատար գերտերություն, տարածաշրջանում վարում է առաջին հերթին իր տնտեսական և անվտանգային շահերին նպաստող քաղաքականություն, և դրանում Ադրբեջանի կարևորությունը չի նվազում, դեռ ավելին՝ շարունակ աճում է: ԱՄՆ-ի համար կենսական առաջնահերթություն է մնում Ադրբեջանի կայունությունը՝ դեպի Եվրոպա և Արևմուտք անվտանգ և կայուն էներգիայի հոսքի ապահովման համար: Երկկողմ ռազմական հարաբերությունները և ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունները ևս մնում են կայուն և նկատվում են նաև համագործակցության նոր եզրեր:

Միլենա Մքոյան, HayAliq.com