ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպման մասին

ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի:

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հաղորդվել է, որ առաջիկա հնարավոր հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերսկսելու են խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները:

Տեղեկությունը ճշտելու նպատակով, «Փաստինֆո»-ն կապվեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի բաժին: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասաց, որ այդ հանդիպման մասին տեղեկություն տրամադրող աղբյուրը ՀՀ ԱԳՆ-ն չէ՝ուղղորդելով մեզ դիմել կառավարություն, որտեղից էլ ասացին, որ անտեղյակ են։