Սուլեյման Սոյլու․ Թուրքիայում ուշադրություն չեն դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հանրապետությունում ուշադրություն չեն դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին, իսկ եթե Անկարան վստահեր Վաշինգտոնին, երկրի ճակատագիրը նման կլիներ Աֆղանստանի ճակատագրին: Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
«Թայիփ Էրդողանի օրոք արևմտյան խնամակալությունը վերացվել է։ Ներկայումս չկա մի ինստիտուտ, որը գտնվի գործադիր իշխանության ձեռքում, բայց լինի արևմտամետ։ Կար ժամանակ, երբ Թուրքիայում ԶԼՄ-ները կողմնորոշված էին դեպի արևմուտք։ Եթե ամերիկացի դեսպանները ինչ-որ բան էին ասում, դա դառնում էր գլխավոր լուրը։ Հիմա, եթե ինչ-որ բան ասում է ԱՄՆ նախագահը, Թուրքիան ուշադրություն չի դարձնում դրան»,-ասել է Սոյլուն։
Նա ուշադրություն է հրավիրել նաև երկրի սահմանների մոտ «ահաբեկչական պետություն» ստեղծելու վտանգի վրա:
«Ես եղել եմ Հաթայում, և մենք ցույց տվեցինք, թե որքան կարևոր է Հաթայը երկրաշարժի պայմաններում։ Այժմ որքանով է անվտանգ ունենալ ահաբեկչական պետություն այդ տարածաշրջանում։ Եթե մենք վստահեինք ԱՄՆ-ին, ապա կհայտնվեինք Աֆղանստանի իրավիճակում»,-ասել է նա։
Ավելի վաղ Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձի մեջ:
News.am