ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարցի կարգավորման շուրջ սպասվող բանակցությունները
Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի վրա հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի և Երևանի կողմից երկկողմ հիմունքներով։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, այդ պատճառով էլ առաջարկել ենք Մոսկվայի հարթակը բանակցությունների հերթական փուլի համար»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` գլխավոր նպատակը տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղություն ապահովելն է։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նպատակին հասնելու համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ԱՄՆ պետնախարար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանն այդ հարցում զգալի առաջընթաց են գրանցել, Զախարովան ընդգծել է` այն հակասում է հայկական և ադրբեջանական կողմերի մեկնաբանություններին։
«Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների առումով տեղաշարժերի հետ մեկտեղ նշվել են նաև այդ փաստաթղթի որոշ առանցքային կետերի վերաբերյալ դիրքորոշումների մեջ պահպանվող անհամապատասխանությունները»,– եզրափակել է Զախարովան։
Sputnik Արմենիա