Չինաստանի հատուկ բանագնացը կմեկնի Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա և Ֆրանսիա
Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ին կմեկնի Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա և Ֆրանսիա՝ մասնակցելու ուկրաինական հակամարտության կարգավորման խորհրդակցություններին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մայիսի 15-ին Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը կմեկնի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը նշված կողմերից յուրաքանչյուրի հետ»,- տեղեկացրել է նա ճեպազրույցում։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես ուշադիր հետևում է Ուկրաինայի իրավիճակին և ջանում է ակտիվ մասնակցություն ունենալ այդ երկրում ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին։ Նա հիշեցրել է, որ Չինաստանը մտադիր է հետևել ուկրաինական հակամարտության վերաբերյալ չորս սկզբունքներին, որոնք առաջադրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը (ինքնիշխանության հարգում, ՄԱԿ Կանոնադրության դրույթների կատարում, կողմերից յուրաքանչյուրի մտավախությունների հաշվառում և հակամարտության կարգավորման խաղաղ մեթոդների կիրառում)։
Վան Վենբինը նաև հիշեցրել է, որ փետրվարին Չինաստանը հրապարակել է հայեցակարգային փաստաթուղթ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Լի Հուեյի ուղևորությունը «հաստատում է, որ Չինաստանը ցանկանում է օժանդակել խաղաղ բանակցություններին»։ «Չինաստանը խաղաղության կողմնակից է, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ, մեր սեփական ավանդը ներդնել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում»,- նշել է Վան Վենբինը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում Սի Ծինփինն ասել էր, որ Չինաստանն Ուկրաինա կուղարկի իր հատուկ ներկայացուցչին՝ ճգնաժամի կարգավորման համար։
Լի Հուեյը Չինաստանի փոխարտգործնախարարն է եղել 2008-2009թթ.։ 2009-2019թթ. Ռուսաստանում Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպանն էր։
News.am