Քաղաքապետ․ Ջերմուկի ճոպանուղին առաջիկայում կվերականգնվի

Ջերմուկ քաղաքում բարեկարգվում է ճոպանուղու հարակից տարածքը, իսկ ճոպանուղին (որը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված է և մեկ անգամ արդեն վերանորոգվել է) կվերականգնվի առաջիկայում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Նա տեղեկացրել է, որ Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ գտնվող, Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանի հարևանությամբ կառուցվում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը։

Իսկ ձախափնյա թաղամասում կառուցվող Ազատամարտիկների պուրակի, որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, աղբամաններ ու համապատասխան լուսավորություն, շինարարությունը մոտենում է ավարտին։

«Բարեկարգվում է նաև Ջերմուկի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը շուտով կդառնա Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի»,–խոստանում է քաղաքապետը։

Նշվում է, որ բարեկարգվում է «Օլիմպիա» առողջարանից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին, որտեղ կտեղադրվեն նաև միանման առևտրի տաղավարներ։

Հիշեցնենք, որ 2022-ի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից ամենաշատը տուժած համայնքներից մեկը առողջարանային քաղաք Ջերմուկն էր։

News.am