«Հրապարակ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՊԿ-Ի ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ե՞ՎՍ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԿԴԱՌՆԱՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-18-ը կգործուղվի Բելառուս՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախագահությունն անցած տարի անցել է Բելառուսին, և դեռևս տարեսկզբին հայտարարվեց, որ մայիսին արտագնա նիստ է անցկացվելու՝ քննարկվելու են խնդրահարույց հարցեր։ Ենթադրվում է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները ևս քննարկման թեմա կդառնան։
Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ արտագնա նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Երևանում: Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի գլխավորած 12 հոգանոց պատվիրակությունում ընդամենը 4-ն են օրենսդիր, մյուսները նախագահի աշխատակազմից են։ Բայց ՔՊ-ականները բողոքի նոտա չեն հղում աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Կարապետյանին։ Հիշեցնենք, որ նախկինին՝ Վահան Նարիբեկյանին ազատելու պատճառներից մեկն այն էր, թե աշխատակազմից ավելի շատ մարդիկ են գործուղման մեկնում, քան պատգամավորներից»։