Հանրապետական կոնգրեսականները Բայդենից պահանջել են կոգնիտիվ թեստ հանձնել կամ դուրս գալ ընտրարշավից
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 հանրապետական ներկայացուցիչներ նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին, որով պահանջում են, որ նա կոգնիտիվ թեստ հանձնի կամ հրաժարվի 2024թ. ընտրարշավին մասնակցելուց, տեղեկացրել է Fox News-ը։
Նամակում նշվել է, որ 2024թ. նախագահ վերընտրվելու Բայդենի հայտարարության համատեքստում իրենք մտահոգ են նրա «ընթացիկ կոգնիտիվ վիճակով և որպես նախագահ ևս մեկ ժամկետ աշխատելու ունակության հարցով»։
«Մենք կարծում ենք, որ անկախ սեռից, տարիքից կամ քաղաքական կուսակցությունից՝ բոլոր նախագահները պետք է փաստերով հաստատեն և ցուցադրեն առողջ մտավոր ունակություններ»,- գրել են հանրապետականները։
«Չնայած ձեր նախագահության օրոք դուք երկու բուժզննում եք անցել, մեկը՝ 2021թ. նոյեմբերի 19-ին, մյուսը՝ 2023թ. փետրվարի 16-ին, որևէ նշան չկա, որ դուք կոգնիտիվ ստուգում եք անցել, իսկ եթե անցել էլ եք, ապա այդ արդյունքները թաքցվել են հասարակությունից»,- մասնավորապես նշվել է նամակում։
«Երբ դուք առաջին անգամ հայտարարեցիք, որ մտադիր եք մասնակցել 2020թ. նախագահական ընտրություններին, հարցեր և մտավախություններ առաջացան ձեր կոգնիտիվ կարողությունների հետ կապված։ Այդ մտավախություններն ավելի խորացան, քանի որ ձեր ընտրվելու պահից ձեր մտավոր անկումը և մոռացկոտությունն ավելի ակնհայտ դարձան։ Վերջին երկու տարում հանրային ելույթները, որոնց ժամանակ դուք քստքստացնում եք, սայթաքում քայլելիս, աղավաղում եք բառերը, մոռանում անունները, կորցնում մտքի թելը և ցրված տեսք եք ունենում, ավելի հաճախակի են դարձել»,- գրել են կոնգրեսականները։
News.am