Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Միայն թուղթ ստորագրելով խաղաղություն չի լինում։ Դրա ապացույցը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի կետերի խախտումն է Ադրբեջանի կողմից, որն իրեն այժմ ավելի ագրեսիվ է պահում։ Իհարկե լավ կլիներ, որ պայմանագիր ստորագրվեր և խաղաղության գայինք մեր հարևանների հետ, բայց ոչ այսպիսի պայմաններով, երբ զիջվում է Արցախն ու լեգիտիմացվում Հայոց ցեղասպանության հաջորդ էջը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը` հակադարձելով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին։

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը բարեկամներ չի ունեցել, բոլորը մեր դեմ էին։ Ըստ նրա` մենք Ադրբեջանից պահանջում ենք այն, ինչը ստանալու որևէ միջոց չունենք։ Լևոն ՏերՊետրոսյանի նախկին խորհրդականն ասել է, որ եթե 2020 թվականի ամռանը համաձայնեինք սեղանի վրա դրված պահանջներին, ապա ավելի նվազ կորուստներ կունենայինք, իսկ նոր պատերազմի դեպքում շատ ավելին պիտի կորցնենք, քան կարող ենք կորցնել փաստաթուղթ ստորագրելով։

«Լիպարիտյանն ասում է, որ պետք է լեզու գտնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ նույնիսկ զիջումների գնալու միջոցով, սակայն այդ միտքը շատ վտանգավոր է, որովհետև մեր հակառակորդը եթե իսկապես ցանկանար խաղաղություն, ապա իր հերթին կգնար որոշակի զիջումների, օրինակ` կարող էր որևէ կարգավիճակ տալ Արցախին և «Զանգեզուրի միջանցքը» համարեր Հայաստանի տարածք, կարող էր անցակետ չդնել Լաչինի միջանցքումմ, մինչդեռ Բաքվի գործողությունները հակառակն են ցույց տալիս, որովհետև ադրբեջանական կողմը ձգտում է Արցախում իրականացնել էթնիկ զտում, մասնատել Սյունիքը»,– նշեց Խաչիկյանը։

Նրա կարծիքով` խաղաղության համար պետք է փոխվի ուժերի բալանսը, շտկվեն դիվանագիտական բոլոր սխալները։ Խոսվում է Արցախի մասին, բայց թուրք–ադերբեջանական տանդեմի ախորժակն ավելի մեծ է, և քանի որ նրանք չեն հրաժարվում Սյունիքը զավթելու նպատակից, այս պահին փաստաթղթի ստորագրումը կնշանակի հայ ժողովրդի մասնատում և մաս–մաս ոչնչացում։

44-օրյա պատերազմում կրած պարտությունը, քաղաքագետի համոզմամբ, մեր դիվանագիտության սխալների արդնունքն էր, որոնք կատարել է գործող իշխանությունը և հիմա փորձում է իր վրայից հանել պատասխանատվությունը։

«Եթե ունենայինք ուժեղ բանակ, բարենպաստ և ամուր դիվանագիտական դիրքեր և այդ պայմաններում գնայինք խաղաղության, անհամեմատ լավ վիճակում կլինեինք, մինչդեռ այն ամենն, ինչ արվում է, փոխզիջումներ չեն»,–պնդեց մեր զրուցակիցը։

Հակադարձելով Լիպարիտյանին` նա շեշտում է, որ երկիրը չի կարող չունենալ դաշնակիցներ, պարզապես գործող իշխանությունը չկարողացավ ճիշտ կառուցել իր արտաքին քաղաքականությունը։

Խաչիկյանի դիտարկմամբ` կան երկրներ, որոնք չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը տիրեն իրավիճակին Հարավային Կովկասում։ Եթե չենք կարողանում դաշնակիցներ գտնել, կնշանակի, որ մեր ղեկավարությունը դիվանագիտություն չունի։

Քաղաքագետի կարծիքով` միանշանակ անհրաժեշտ է դադարեցնել արևմտամետ ռոմանտիկությունը և չկերակրել հայ ժողովրդին քաղցր ու սին երազներով, այլ համարժեքորեն աշխատել իրական դաշնակիցների հետ։

Sputnik Արմենիա