Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՅԱՑՎԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը. Ռուբեն Վարդանյանն առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցներին։
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, շարունակվող շրջափակման ու ճնշումների մասին:
«Շուրջ 5 ամիս է՝ 120 հազար մարդ Արցախում ապրում է շրջափակման պայմաններում: Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով մեզ լքել մեր հայրենիքը, որտեղ մենք ապրել ենք հազարամյակներ շարունակ: Եվ չնայած բոլոր սպառնալիքներին և դժվարություններին՝ մենք մտադիր չենք լքել մեր տունը և հպարտ ենք, որ ապրում ենք այստեղ, ուր ամենուր տեսանելի են հայության սերունդների ժառանգությունը, հայկականության արմատները: Մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքի համար, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքնման հնարավորության մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը: Ինչպե՞ս կարելի է իրական և երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր պատկերացնել մի իրավիճակում, երբ մի կողմը կարծում է, որ հաղթողի իրավունքով պետք է բոլոր հնարավոր միջոցներով զիջումներ կորզել մյուս կողմից, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը արհամարհում է միջազգային բոլոր կառույցների և դատարանների որոշումները: Եվ ամենակարևորը, Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է Սփյուռքն անել այս պահին Արցախին օգնելու համար, նա նշել է, որ արցախցիների համար կարևոր է զգալ, որ իրենք միայնակ չեն. «Իմ կոչն է Սփյուռքին՝ չլինել անտարբեր: Արցախում մարդիկ շատ ուժեղ են, բայց նրանք կարիք ունեն զգալու բոլորիս աջակցությունը»: