Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԻՑ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որի, նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

«Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։ Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջանններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։ Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար»,-ընդգծել է Մ. Մայիլյանը՝ հավելելով, որ միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը։

«Փաստինֆո»