Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԼՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԿԱՆ

Հայաստանից «մոլորված զինծառայողներ» (ինչպես Շառլ Միշելն է ձևակերպել) Ադրբեջանում չկան, և վերջերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանիներին ևս չի կարելի անվանել մոլորվածներ։ Հետևաբար հնարավոր է` այդ երկու ադրբեջանցի զինծառայողները փոխանակվեն Ադրբեջանում պահվող հայ մի քանի ռազմագերիների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Մայիսի 14–ին Բրյուսելում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։

«Կան պատերազմում գերեվարվածներ, նոյեմբերի 9–-ի հայտարարությանը հաջորդող օրը առևանգվածներ,և, իհարկե, Ադրբեջանի կողմից մոլորեցման և այլ շրջափակման արդյունքում Խծաբերդում գերեվարվածներ։ Զինծառայող, որը մոլորվել է և հատել սահմանը` հայտնվելով Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, նման անձինք հայտնի 33 անձանց մեջ չկան»,–ասաց նա։

Սահակյանն ընդգծում է` ՀՀ սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներին էլ չի կարելի համարել մոլորված, քանի որ դա կլինի փաստերի խեղաթյուրում։

Ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողները նպատակային են հատել սահմանը, և ավելին` մոլորյալները, որպես կանոն, չեն կատարում ծանր հանցագործություններ և սպանություն։

Սակայն քաղաքական պայմանավորվածության պարագայում փոխանակման գործարքի հավանականությունը շատ բարձր է գնահատում։

«Մենք ունենք նաև դրա արատավոր նախադեպը, երբ ադրբեջանցի երկու դիվերսանտ, որոնք դատապարտվել և պատիժը կրում էին Շուշիում, փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։ Եվ կարծում եմ` նոյեմբերի 9–ի հայտարարությունն էլ նպատակային լայն ձևակերպում էր տվել` գերիներ, պատանդներ, անազատության մեջ պահվող այլ անձինք, իսկ անազատության մեջ պահվող անձանց մեջ ներառվում են նաև պատժի կրման նպատակով անազատության մեջ գտնվողները։ Հիմա ես տեսնում եմ դրա նախադրյալները և քաղաքական պայմանավորվածությունների գոյության պարագայում, անպայման, նման գործարքներ կարող են լինել»,–ասում է նա։

Չնայած դրան, Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ, Ադրբեջանը փութաջանորեն փորձում իր զինծառայողներին ներկայացնել մոլորված և կազմակերպել նրանց հայրենադարձումը փոքրաթիվ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։

«Այստեղ ընդամենը կայացել է գործարք։ Այլ պայմաններում թերևս միջազգային կառույցները նույն հետևողականությամբ ջանասիրություն չէին ցուցաբերի ճնշելու նպատակով։ Հիմա, քանի որ Ադրբեջանը ևս շահագրգիռ կողմ է, նրանք ընդամենը հարթեցրել են խոսակցության սուր եզրերը և կարողացել են հասունացնել ընդհանուր մոտեցում, որ Ադրբեջանի զինծառայողների վերադարձի դիմաց նաև ադրբեջանական կողմը որոշակի հայ ռազմագերիներ վերադարձնի»,–հավելեց նա։

Հաշվի առնելով փաստը, որ վերոնշյալ ադրբեջանցիներից մեկի նկատմամբ արդեն իսկ կա դատավճիռ` Սահակյանը պարզաբանում է, որ եթե արտահանձնելը լինի իրավական մեխանիզմով, ապա Ադրբեջանի կողմից խնդրանքի բավարարման պայմաններում Հայաստանը նրանց կարող է արտահանձնել երրորդ երկիր` պատիժը կրելու պայմանով։ Եվ այս դեպքում որևէ եվրոպացի պաշտոնյա իրավասու չէ միջամտել, քանի որ այստեղ հայեցողություն ունեն ազգային դատարանները։

«Սա է գրագետ իրավական մեխանիզմը, սակայն եթե նրանք խոսում են փոխանակման մասին, դա քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում փոխանակումն է, որի դեպքում կոնկրետ իրավական մեխանիզմներ չեն գործարկվի»,–ասաց նա։

Sputnik Արմենիա